Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Հարությունյանի հետապնդումը ՌԴ-ում գրեթե անհնար էր լինելու. քաղաքագետ

Քաղաքականություն
miqa

«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի տարածքում այլևս չի հետախուզվում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իր աղբյուրներին: «Երևանում 2008-ի մարտի 1-ի դեպքերի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո ՌԴ տարածքում նրա հետախուզումը չեղյալ հայտարարելու որոշում է կայացվել», — նշել է աղբյուրը։ Հարցի շուրջ «Ա1+»-ը մեկնաբանություն է ստացել ՀՀ ոստիկանությունից. «ՌԴ-ից նման գրություն ստացել ենք»: Այլ մեկնաբանություն և արձագանք ոստիկանությունից չի եղել: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը, ըստ իր սահմանադրության, սեփական քաղաքացիներին որևէ այլ երկրի չի արտահանձնում: «Ռուսաստանում տարբեր պաշտոնատար անձինք արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ չարժե անդրադառնալ Հայաստանում տասը տարվա վաղեմության դեպքերին, բացի այդ` հնչել են նաև հայտարարություններ, որ նախկին պաշտոնյաներին չարժե հետապնդել: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, այստեղից պարզ է դառնում, որ ՌԴ-ում Հարությունյանի հետապնդումը գրեթե անհնար էր լինելու», - նշեց քաղաքագետը: Հայաստանում Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացվել, տեղեկություններ կան, որ նա Ռուսաստանում է: Հայտարարվել էր, որ ՌԴ իրավապահ մարմինները ստացել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Հարությունյանին Հայաստանին հանձնելու հայցը, սակայն Ռուսաստանը Հայաստանին չի հանձնելու պաշտպանության նախկին նախարարին, քանի որ նա ռուսական անձնագիր ունի։