Վստա՞հ եք, որ սրանով լուծելու ենք ստրկամիտ պաշտոնյանների հարցը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ-ում շարունակվում է քննարկումը ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթում առաջարկվող փոփոխությունների մասին: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է քվեարկելու այս նախագծին, բայց նաեւ մտահոգություններ ունի: «Վստա՞հ եք, որ սրանով լուծելու ենք ստրկամիտ այն պաշտոնյանների հարցը, որոնցից մեկը երեկ ինձ ասում էր. «զանգի ենք սպասում, դեռ չենք ստացել՝ ինչ ենք անելու և ում ենք պաշտպանելու ավագանու ընտրություններին»: Այս ստրկամիտները չեն փոխվելու, որովհետև ամբողջ կյանքում ստրուկ են եղել, կառավարությունից ու նախագահականից զանգ են ստացել, թե ինչ անեն: Եթե ունեք այս լիազորությունները, ապա կարո՞ղ եք հայտարարել, որ հրահանգ չի լինելու», - նշեց նա: Հայաստանում միակ արդար ընտրությունները եղել են 1990 թվականին, նրա խոսքով՝ «բարախլո» սովետական օրենսգրքով, մինչդեռ ընդդիմության և իշխանության մեջ եղած ներքին կոնսենսուսի արդյունքում, որի նպատակն էր անցկացնել արդար ընտրություններ, դրանք արդար են եղել, ավելացնում է Նաիրա Զոհրաբյանը: «Ես կողմ եմ ընտրակեղծարարությունների համար նախատեսվող պատասխանատվության խստացմանը, քանի որ դա միակ տարբերակն է: Սանկցիաները գուցե քրգործերի առումով ավելի խիստ են, քան որևէ այլ եվրոպական երկրում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ մենք ստիպված ենք գնալ այդ սանկցիաներին», - ասաց նա: Նշենք, որ կառավարությունը առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ընտրակեղծարարության համար, մասնավորապես՝ քրեական պատասխանատվության են ենթարկվելու ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տվողները և վերցնողները: Բացի այդ, քրեական պատասխանատվության են կանչվելու բոլոր այն ուժերը կամ կուսակցություններն ու անհատները, որոնք նախընտրական շրջանում բարեգործության անվան տակ ընտրողներին նյութական կամ դրամական օգնություն են բաժանում: Ի թիվս այս դրույթների՝ քրեական օրենսգրքից հանվել է կրկնաքվեարկության մասին կեղծ ահազանգի մասին դրույթը, այսինքն՝ նախկինի նման քրեական պատասխանատվության չեն ենթարկվի այն անհատները, որոնք կրկնաքվեարկության մասին իրականությանը չհամապատասխանող (ոչ դիտավորյալ) տեղեկատվություն կհաղորդեն: