Կառավարության դիմաց, ինչպես միշտ՝ մարդաշատ է (տեսանյութ)
Կառավարության առջև կրկին մարդաշատ է, տասնյակ քաղաքացիներ իրենց խնդիրները ցանկանում են անձամբ վարչապետին հայտնել: Այստեղ են բազմաթիվ վարորդներ, որոնք չցանկացան մեզ հետ զրուցել՝ ասելով, որ կխոսեն միայն պաշտոնյաների հետ, նրանք կառավարությունից պահանջում են, որ Արմավիր- Երևան երթուղին սպասարկի միայն «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, որը և հաղթել է մրցույթում: Մինչդեռ, նախկինում ուսանողական տրանսպորտով Երևան ուղևորվող ուսանողները ցանկանում են, որ իրենց անվճար սպասարկող երթուղին վերականգնվի, քանի որ «Գալակտիկա տրանս սերվիս»-ի մատուցած ծառայություններն իրենց հարմար չեն, ժամերի խնդիր կա: Կառավարության առջև է նաև Արմավիր քաղաքի բնակիչ Իշխան Միրզոյանը, իր դստեր հետ, նրա խոսքով, իր հողատարածքի ջրամատակարարումն ապօրինի կերպով կասեցվել է, ինչի պատճառով էլ փչացել է ամբողջ բերքը: Իշխան Միրզոյանը պնդում է, որ պատճառը ջրամատակարարման համակարգի աշխատակցի հետ վեճն է: