Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յասմինա Ռեզայի թատրոնը Հայաստան է գալու

Քաղաքականություն
tatron

Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթղը թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք; Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի շրջանակներում «Սաթէ-Աթղը» թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին և հանդիսատեսին ճանաչելի դարձնել ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործությունները։ Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված և բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, ով, դժբախտաբար, գրեթե հայտնի չէ ո՛չ հայ ընթերցողին, և ո՛չ էլ՝ հայ հանդիսատեսին: Մեր նախագիծը ներառում է հետևյալ միջոցառումների շարքը. Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի «Սպանդի Աստվածը» պիեսը: Ներկայացման մեջ ներգրավված են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթև Հովակիմյանը և Արթուր Մանուկյանը: Բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան: Նույն պիեսը կբեմադրվի նաև ֆրանսերեն և կցուցադրվի երկու անգամ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար: Պիեսի ֆրանսերեն տարբերակում կներկայանան հրավիրյալ դերասաններ՝ Քիթ Ֆարքուարը /Ֆրանսիա/, Մարժոլեն Օժերը /Կանադա/ և Ժերալդ Բաբազյանը /Ֆրանսիա/: Հրավիրյալ արտիստները կանցկացնեն նաև վարպետության դասընթացներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում /ուսանողների համար/ և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում /պրոֆեսիոնալ դերասանների համար/: Կդասավանդվի մասնավորապես Մայզների տեխնիկան: Վարպետության դասընթացներ կլինեն նաև ֆրանսերեն ուսումնասիրողների համար՝ «Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով» խորագրով: Կթարգմանվի և Զանգակ հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա   Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա Զանգակ գրատանը: Նույն վայրում կցուցադրվի նաև Ռեզայի«՛ԱՐՎԵՍՏ» պիեսի թատերականացված ընթերցումը, որը Սաթէ-Աթղը թատերական միությունը իրականացնում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ: Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: LOFT-ում կցուցադրվի Ռեզայի «ԿՅԱՆՔԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ» պիեսը, որը կբեմադրեն երեք ռեժիսորներ: Բեմադրությունն իրականացվում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ, գեղարվեստական ղեկավար և բեմադրիչ՝ Սերժ Մելիք-Հովսեփյան: Սաթէ-Աթղը թատերական միությունը կմեկնի նաև Գորիս՝ «Սպանդի Աստվածը» բեմադրությունը Գորիսի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի կլինեն նաև վարպետության դասընթացներ: Միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաև Սևանում: Հայ թատրոնի խաղացանկը կարիք ունի թարմանալու համաշխարհային հնչեղություն ունեցող գրողների երկերով, և սա հրաշալի առիթ կլինի անդրադառնալու համաշխարհային գրականության և թատրոնի մեջ իր ուրույն տեղն ունեցող ժամանակակից այս հեղինակին։   Մեր նախագծի աջակիցներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, Լյոնի Մետրոպոլը (Métropole de Lyon), Իզեղ դեպարտամենտի խորհուրդը (CDI), Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանը, ԻՐԱՊԱ հարթակը (IRAPA) և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF), ինչպես նաև Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Զանգակ գրատունը և հրատարակչատունը, LOFT-ը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ու Երևանի քաղաքապետարանը: