«Սեւանա լճի էկոլոգիական խնդիրները չպետք է համադրել գյուղացիների խնդիրների հետ» (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարծում է, որ Սեւանա լճի էկոլոգիական խնդիրները չպետք է համադրել Արարատյան հարթավայրի գյուղացիների խնդիրների հետ։ «Դրա համար էլ պետությունը կա, որը պետք է կարգավորի, այլ ոչ թե դիտի եւ ասի՝ սա պրոբլեմ է, նա պրոբլեմ է»,- ասաց Միքայել Մելքումյանը։ Նա դիմելով Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին հարցրեց, թե տարիներ շարունակ Սեւանա լճից ջրի բացթողնման անհրաժեշտությունն արդյոք կապվա՞ծ է նախորդ տարիների մենեջմենթի, այդ ոլորտում բյուջետային ծախսերի անարդյունավետության հետ։ ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ 450 կմ մայր ջրանցքներ ունենք, 1500 կմ երկրորդային ջրանցքներ եւ 16 հազար կմ ներտնտեսային ցանցեր, ապա հարց ուղղղեց, թե կորուստների այդ 43 տոկոսը մայր ջրանցքներում 10 տարվա ընթացքում իջե՞լ է, նո՞ւյնն է մնացել, թե՞ ավելացել է. ներդրումներ կատարվե՞լ են կորուստների իջեցման համար, թե՞ ոչ։ Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ Սեւան–Հրազդան կասկադում գործում է Միջազգային էներգետիկ կորպորացիան, որը ներդրումներ անելու խնդիր ունի։ Նա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են արվում այդ ներդրումները, արվում են, թե ոչ, եւ պետական կառավարման համակարգը ինչպե՞ս է արձագանքում չարած ներդրումներին։ Ջրային Կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը պատասխանեց, որ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հարցեր. նախ, պետք է հաշվի առնել, որ Սեւջուր գետը, որը տալիս էր 90 մլն խմ ջուր, այսօր գոյություն չունի, գետի փոխարեն Արմավիրի եւ Մեծամորի կոյուղաջրերն են։ Բացի այդ, Արփա–Սեւան թունելով նախկինում 250 մլն խմ, այսօր 100–110 մլն խմ ջուր է տեղափոխվում. այստեղ եւս կորցրել ենք. «Ախուրյանի ջրամբարում եւս ունենք պակաս ռեսուրսներ, քանի որ Թուրքիայում Ախուրյանի ավազանի գետերի՝ Կարսաչայի եւ Ախուրյանի վրա, կառուցվում են ջրամբարներ եւ ավազանի ջրերը եւս կրճատվել են»: Միքայել Մելքումյանը նկատեց, որ 40 մլն խմ ջուր բաց թողնելու դեպքում լճի մակարդակը 3–4 սմ–ով կիջնի։ Հարցրեց՝ արդյոք կա անհրաժեշտություն, որ Խորհրդարանը ընդունի Ոռոգման ջրի մասին օրենք։ Ինեսա Գաբայանի համոզմամբ, խնդիրը ոչ թե օրենքներն են, այլ դրանց կիրառումը։