Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ Փաշինյանն ընդունեց Հ.Յ.Դ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը

Պաշտոնական
39917922_281435756005726_6854035061520465920_n

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը,  գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի,  օգոստոսի 22-ին այցելեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը: Իբրև Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի ամդամ, Լիբանանի Հ.Յ.Դ կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին փոխանցեց Թավշյա հեղափոխության հաջողության անհրաժեշտությունը և այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվեց, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը և գործակցային  ոգին՝ կանխելու  հաջողությանը խանգառող ցանկացած կասկածելի փորձ: Հ.Յ.Դ պատվիրակությունը Հայաստանի վարչապետին նաև փոխանցեց Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման  ջանքերին և միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսևորվող որևէ բացթողումի կամ տատանումի ժամանակ: Վարչապետ Փաշինյանին փոխանցվեց նաև Դաշնակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը Հայաստանի և Լիբանանի տարբեր ոլորտների մեջ խթանելու տնտեսական, ընկերային, քաղաքական, մշակութային և զբոսաշրջային կապերը: Վարչապետ Փաշինյանը իր ուրախությունը հայտնեց կայացած հանդիպման կապակցությամբ, նշելով, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի կապակցությամբ: Փաշինյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է երկխոսության ու գործակցության շարունակությունը և քաղաքական առողջ ուժերի միասնության ճիգի արդյունավորումը՝ ի սպաս  հեղափոխության հաջողության: ՀՅԴ հանրային կապերի գրասնյակ 22.08.2018