Հայաստանում չպետք է լինի ծայրահեղ աղքատ քաղաքացի. նախարար (տեսանյութ)
«Հայաստանում չպետք է լինի ծայրահեղ աղքատ քաղաքացի», -հայտարարությունը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին է: Այսօր նախարարն ամփոփեց իր ղեկավարման 100 օրը: «Մեր երկիրը պարտավորություն ունի երաշխավորել նվազագույն կենսաապահովումը մեր քաղաքացիների: Այս առումով մենք կորոշենք ու կսահմանենք նվազագույն կենսաթոշակ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր: Պարենային զամբյուղն այսօր կազմում է մոտ 25 հազար դրամ: Սա կարծում եմ, որ կարեւոր որոշում է, որին մենք պետք է գանք և, ըստ էության, արդեն համաձայնություն ունենք, որովհետեւ հաշվարկները ցույց են տալիս, որ երեք անգամ նվազ կենսաթոշակ ստացող միջին կենսաթոշակից քաղաքացիներ կան մեր երկրում եւ դա թույլատրելի չէ»,-ասաց նախարարը: Մեր երկրում մոտ 500 հազար թոշակառու կա: Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում պետք է լինեն գոյության հնարավորություն չունեցող քաղաքացիները. «Հետեւաբար, դիտարկումը ամբողջական բոլորինը բարձրացնելու 1000 դրամով, թե թիրախավորելու այն քաղաքացիներին, ովքեր՝ ըստ էության, եկամտի աղբյուր չունեն եւ ծայրահեղ աղքատ են, ես կարծում եմ, որ պետք է հաշվի առնել եւ ռեսուրսը, թե ինչքան ֆինանսական միջոց կարող ենք հատկացնել եւ դրա ազդեցության աստիճանը»: Մանե Թանդիլյանի խոսքով՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոլորտներն ընդգրկում են բնակչության կեսը՝ 1.մլն 100 հազար մարդ, և գոյություն չունի մեկ բանաձև բոլորի խնդիրների լուծման համար, քանի որ յուրաքանչյուրն ունի առանձին պահանջմունք եւ յուրաքանչյուրի խնդիրներին պետք է ինդիվիդուալ մոտենալ, ինչը, ըստ էության, կբերի որակյալ լուծումների: «Մեր երկրի քաղաքացին պետք է զգա, որ ինքը պաշտպանված է պետության կողմից, և պետությունը կատարում է իր դերը: Մեր հիմնական նպատակը մարդն ու իր բարեկեցությունն է»,- ասաց նախարարը: Մանե Թանդիլյանը՝ ամփոփելով իր աշխատանքի 100 օրը, խոսեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50.000 դրամի փոխարեն 150.000 դրամ սահմանելու վերաբերյալ առաջարկի մասին: Նախարարը հայտնեց, որ առաջարկը ներկայացվել է կառավարության հաստատմանը: Ըստ Թանդիլյանի՝ նախագիծն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի մեկից: «Գոնե այս փուլում ֆինանսական միջոցների խնդիր չկա, մեծ գումարների մասին չէ խոսքը, և ունենք նախարարության տարբեր միջոցներ, գումարներ, որ հարցը կլուծվի: Ինձ համար էլ էին հայտնություն այդքան ընթացակարգերը, նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել, ավելին՝ կքննարկենք նաև հետադարձ ուժ ունենալու հարցը»,- նշեց Թանդիլյանը: Ըստ նախարարի՝ Հայաստանն այսօր լուրջ ժողովրդագրական խնդիր ունի: Նա համոզված է, որ ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն 3-4 երեխա ունենալու վրա, այլև պետք է կարևորվի 2-րդ երեխան: «Միջինում 1.7 երեխա է ծնվում ՀՀ-ում, եթե 2-րդ երեխան չծնվի, ապա լուրջ հետընթաց ենք ունենալու: Ինչ վերաբերում է հարցին, թե ժողովրդագրական ինչ նպատակ ենք հետապնդում 2-րդ երեխայի համար 150 հազար դրամ նախատեսելով, ասեմ, որ շատերը կարող են մտածել, թե սա չի խթանում ծնելիությունը, սակայն սա հաղորդագրություն է, որով մենք ասում ենք, որ 2-րդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի: Երբ մեր հայացքը միայն դեպի 3-4-րդ երեխան է լինում, ապա նվազեցվում է 1-ին և 2-րդ երեխայի նշանակությունը»: