Արթուր Գևորգյանը վերընտրվեց Հայկական բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)
Հայաստանից բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց միակ թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանը։ Վերջինս այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ժամանակավորապես դադարեցրել էր իր լիազորությունները, որպեսզի ավելի շատ հնարավորություն տար մարդկանց առաջադրվելու և ունենալու հավասար մրցակցային պայմաններ, սակայն որպես թեկնածու առաջադրվելու ցանկություն հայտնել էր մեկ հոգի միայն՝ Ուկրաինայի հավաքականի նախկին բռնցքամարտիկ Հովհաննես Հովսեփյանը։ «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին։ Դա նրան չէին ասել, և ես շատ ուրախ եմ և նորից եմ ասում՝ մեր դռները միշտ բաց են, մեր համագործակցությունը կարող է լինել ցանկացած կերպ։ Մնում է այդ տղան գա և դիմի Ֆեդերացիա։ Իսկ որպես թեկնածու՝ ոչ մեկ չի եկել, ոչ մեկ հայտ չի ներկայացրել»։ Արթուր Գևորգյանի համար զարմանալի է, որ սպորտի կառույցները չեն տիրապետում օրենքին։ Նախարարությունից և Օլիմպիական կոմիտեից ըստ նրա, պետք է հուշեին, որ ընթացակարգն այդպես չէ։ Ընտրություններին հրավիրվել էին ներկայացուցիչներ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, Հայաստանի ազգային-օլիմպիական կոմիտեից և ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտից։ Սակայն այդ գերատեսչություններից և ոչ մի ներկայացուցիչ չէր եկել։