Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նոր կարգավորումներն արդեն գործում են
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նոր կարգավորումներն արդեն գործում են Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Վերջինիս հիման վրա իրականացված գործընթացի արդյունքում դատապատյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նպատակով արդեն իսկ կազմվել է 681 զեկույց, որոնցից 536-ը ուղարկվել է դատարան: Փաթեթով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկություններից են.
- Դատապարտյալի կողմից դիմումի ներկայացման ընթացակարգը.
- Քրեակատարողական ծառայություն - Պրոբացիայի ծառայություն - դատարան մոդելի գործարկում.
- պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև Փաթեթն ուժի մեջ մտնելը և չի քննարկվել անկախ հանձնաժողովի կողմից, Փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո (Փաթեթն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 23-ին)՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին է ներկայացնում զեկույցը:
- պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է Փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցը կազմում է իրավական հնարավորության ծագման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված երկու դեպքերում էլ եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, և 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:
- պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է սույն թվականի սեպտեմբերի 1-ից հետո, ապա նրանց վերաբերյալ կազմվում է զեկույց բացառապես այն դեպքում, երբ դատապարտյալը պատիժը կատարող հիմնարկին ներկայացնում է դիմում: