Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նշենք, որ հուլիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ էր կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալին՝ պարզաբանումներ ստանալու այն բանից հետո, երբ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով և իրենց աջակցում է նաև գեներալ Միքայել Արզումանյանը: «Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի»,- ասել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: