Բախում հոգևորականների և ակցիայի մասնակիցների միջև (տեսանյութ)
Անամոթ զրպարտություն է, թե մենք եկեղեցու, Մայր Աթոռի դեմ ենք դուրս եկել: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարեցին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, ովքեր շարունակում են ակցիաներ իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Եկեղեցու բակում ավելի ուշ բախում տեղի ունեցավ հոգևորականների և ակցիայի մասնակիցների միջև. Գևորգ սրբազան Սարոյանը, Տեր Ասողիկ քահանան և մի շարք այլ հոգևորականներ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին հորդորեցին լքել եկեղեցու տարածքը: Ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Իսկ Վահրամ քահանա Մելիքյանը իր ՖԲ-ի էջով տեղեկացնում է. Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով: Վերստին հիշեցնում ենք հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։