ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու համար ստացվել է հինգ դիմում
Նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար աշխատանքային խումբը դիմումներ է ստացել հինգ հավակնորդից Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի հինգ հավակնորդ: Ստացված փաստաթղթերը սահմանված ժամկետում տրամադրվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կազմակերպման գործընթացը կանոնակարգող խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամներին, որից հետո, ժամանակացույցին համապատասխան, կայացել է Աշխատանքային խմբի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու հավակնորդների հետ անհատական զրույցը: Զրույցից հետո, ժամանակացույցով սահմանված կարգով, Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք: Նշված ծրարները (խորհրդատվական կարծիքները) փոխանցվել են Հանրապետության նախագահին, որոնք ամփոփվելուց հետո, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կներկայացվի Ազգային ժողով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր հավակնորդներն են ցանկացել, որպեսզի իրենց մասնակցության մասին տեղեկատվությունը հրապարկվի՝ ձեռնպահ ենք մնում մասնակիցների անունները հրապարակելուց: ՀՀ նախագահի աշխատակազմ