«Շուշանյանի գործի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ». փաստաբան (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանը խախտել է Քրեական դատավարության օրենսգիրքը Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին կրկին կալանավորելու որոշում կայացնելով: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը: «Եթե անձի նկատմամբ գրավ չի կիրառվում, անձն իրավունք ունի բողոքարկել վերաքննիչ դատարան, բայց երբ անձի նկատմամբ առաջին ատյանի դատարանում գրավ է կիրառվում, ապա մեր օրենսդրությունը չի նախատեսում, որ այդ որոշումը բողոքարկվի վերաքննիչ դատարանում»: Հայկ Ալումյանի խոսքով՝ վերաքննիչ բողոք ներկայացրել էր ինչպես դատախազությունը, այնպես էլ տուժող ճանաչված անձի փաստաբանները: «Վերաքննիչ դատարանը, խախտելով Քրեական դատավարության օրենսգիրքը, բողոքներն ընդունել էր քննության և վերացրել էր գրավը՝ կրկին կալանավորելով Թաթուլ Շուշանյանին՝ պատճառաբանությամբ, որ ամբաստանյալը կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել քննությունից»: Մինչդեռ Շուշանյանը, ըստ փաստաբանի, 20 օր գտնվել է ազատության մեջ մինչ վերաքննիչ դատարանի որոշում կայացնելը և գործնականում ցույց է տվել, որ ոչ մտադրված է թաքնվել, ոչ էլ խոչընդոտել քննությանը: «Թաթուլ Շուշանյանն ինձ հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ այս գործի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և ապագայում Թաթուլ Շուշանյանը կկարողանա հրապարակել նրանց անունները՝ պարզաբանելով, թե ինչու են իր նկատմամբ այս ապօրինի հետապնդումներն իրականացնում»: Այս պահին Թաթուլ Շուշանյանը այս առիթով բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանին: Հիշեցնենք, որ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանության գործով կաշառք ստանալու մեջ: