Տ. Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ. լուսանկար տրամադրված չէ
Երևանի քաղաքապետը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը համոզմունք են հայտնել, որ երկու քաղաքների փոխգործակցությունը կշարունակի ամրապնդվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացման շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հետ:
Ողջունելով Սանկտ Պետերբուրգի պատվիրակության հերթական այցը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ բազմակողմ և բազմոլորտ փոխգործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և փոխգործակցության ամրապնդման ու խորացման պատրաստակամության համար` Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան էլ իր հերթին վստահեցրել է, որ այդ պատրաստակամությունը փոխադարձ է: Առիթն օգտագործելով Աննա Միտյանինան Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմ ողջույններն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Սանկտ Պետերբուրգի և Երևանի միջև այսօր առկա սերտ փոխգործակցությունն, անշուշտ, պայմանավորված է նաև երկու քաղաքների ղեկավարների անկեղծ ու անշահախնդիր բարեկամությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրել է փոխադարձաբար իր ջերմ ողջույնները փոխանցել նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում Սանկտ Պետերբուրգի կառավարության հետ սերտ փոխգործակցությունն ու իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու նոր ծրագրերի նախաձեռնմանը և կյանքի կոչմանը:
..................
«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում». կայացել է բացման պաշտոնական արարողությունը
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան ներկա են գտնվել Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի բացման պաշտոնական արարողությանը, որն ուղեկցվել է կլոր սեղան-քննարկումով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ռուս հյուրերին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային բազմակողմ համագործակցությունը գնալով ընդլայնվում է: Այս ամենի հիմքում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության ծրագիրն է, որը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Դավիթ Օհանյանը նշել է, որ այս տարիների ընթացքում արդեն կյանքի են կոչվել մի շարք նախագծեր, որոնք կընդլայնվեն նաև այս և հետագա փոխայցերի ընթացքում:
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նույնպես նշելով Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության ծրագրի կարևորությունը՝ հետագա փոխգործակցությունը շարունակելու տեսակետից:
Կլոր սեղան-քննարկմանը ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի մասին պատմող ճանաչողական տեսաֆիլմ, ելույթներով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև համագործակցության ոլորտային պատասխանատուները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն