2,5 տարի անց Գեւորգ Սաֆարյանը կրկին Ազատության հրապարակում է (տեսանյութ)
2,5 տարի անց առաջին անգամ Գեւորգ Սաֆարյանն Ազատության հրապարակի այն նույն տեղում է, որտեղ իր ընկերների հետ ամանորի գիշերը ցանկանում էր տոնածառ տեղադրել: Ոստիկանները, սակայն թույլ չտվեցին: «Այն արհեստական տոնածառը, որ բերել էինք, իրենք ջարդեցին, երկրորդը՝ արդեն տոնածառի հանդերձանքով մարդ էր, մարդը կա, հանդերձանքը պատառոտել են»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանը: Ակտիվիստը հիշում է՝ ինչպես ոստիկանները սադրեցին եւ հարձակվեցին իրենց վրա: Գեւորգն իր ընկերների հետ ամեն ինչ արել է բախումից խուսափելու համար: Գեւորգի 4 ընկերներին ձերբակալեցին հենց նույն պահին, իսկ ինքը մեկ ու կես ժամ անց ոստիկանությունում տեղեկացել է, որ քրեական գործ է հարուցվել իր դեմ: Գեւորգ Սաֆարյանն ազատազրկվեց երկու տարով՝ Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի` «Հրեշտակների գնդի» չորրորդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. «Հարձակում եղավ մեր վրա, Հովհաննես Ղազարյանի վրա՝ Գեղամ Խաչատրյանի կողմից եւ իր ենթակաների, առաջացավ քաշքշուկ, մենք հետ քաշվեցինք, որպեսզի հանդարտվի: Անցավ մոտ 1,5 ժամ, ամենայն հավանականությամբ զեկուցվում էր դեպի վերեւ, դեպի Սերժ Սարգսյանին, որ սադրանքը արդեն կատարվել է եւ սպասում էին Սերժի դաբրոյին: Ընդհանրապես ես Գեղամ Խաչատրյանին չեմ հարվածել: Համոզված եմ, որ իմ քաղաքական հայացքների պատճառով, որովհետեւ բացարձակ շինծու գործ էր»: 2016թ-ի հուլիսին «Սասնա Ծռեր» զինված խմբի գործողությունն առիթ հանդիսացավ, որպեսզի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների նկատմամբ գործ հարուցվի: «Հասկանալի էր, որ դա հիմարություն է եւ գործի տրցակը դարակը գցեցին: Մեզ բաց թողեցին, եւ երկու տարի անց, Սասնա Ծռերի գործողություններից հետո, փորձեցին այդ գործին կցել, տեսան չի լինում, առանձնացրին եւ մի անգամ էլ դատեցին արդեն»,-հիշեց Սաֆարյանը: Հունիսի 13-ին իր խափանման միջոցը փոխելը Գեւորգ Սաֆարյանը կապում է Թավշյա Հեղափոխության հետ: Իսկ դատական համակարգը դեռ չի հեղափոխվել, վստահ է նա. «Դատական համակարգը, եթե արդար լիներ, մեզ կարդարացնեին, իսկ մեզ չեն արդարացրել, փաստացի ինձ դատապարտել են այնքան, ինչքան ես արդեն անազատության մեջ եղել եմ: Սա ցույց է տալիս, որ դատական համակարգը մնացել է նույն նեխած ճահճի մեջ»: Գեւորգ Սաֆարյանը ազատության մեջ հայտնվելուց հետո դեռ ժամանակ չի ունեցել մտածելու, թե ինչ է անելու, քաղաքական գործընթացներում ակտիվ լինելու է, թե ոչ, սակայն մի բան հստակ գիտի՝ բնապահպան ակտիվիստի իր գործունեությունը շարունակելու է: «Ես միշտ եղել եմ կամ եւ մնալու եմ բնապահպան, ինքը հոգեվիճակ է, ապրելակերպ է»: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Գեւորգ Սաֆարյանը ժամանակն անցկացրել է հեռուստացույց դիտելով եւ գրքեր կարդալով: Բանտային պայմանները նկարագրելու համար բառեր դժվարությամբ է գտնում. «Նուբարաշենի բանտը ընդհանրապես պետք է գոյություն չունենա, էդ բանից ավելի վատ բան մեկ էլ Շուշիի բանտն է»: Ռադիոտեխնիկ Գեւորգ Սաֆարյանն իրեն չի տեսնում որեւէ պաշտոնում, սակայն եթե իր կարիքը լինի՝ կփորձի: Այսօր նա ավելի կարեւոր պաշտոն ունի՝ հորեղբոր պաշտոնը, որն իր խոսքով ամենապատասխանատու գործն է: Նա անազատության մեջ է եղել, երբ ծնվել է եղբոր փոքր դուստրը։