A
A
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ տարբեր ձևաչափերով համագործակցության հարցերը (տեսանյութ)
Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այսօր Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարած պատվիրակությունը մի շարք երկկողմ և բազմակող հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների կոլեգաների հետ:
Նախ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները: Երկուստեք նշվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակի մասին: Դավիթ Տոնոյանը և Պանոս Կամենոսը պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ եւ բազմակողմ ձևաչափով մի շարք նոր համատեղ նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի “Վճռական աջակցություն” առաքելության մասնակից երկրների պաշտպանության նախարարների նիստին: Պաշտպանության նախարարը նիստի ընթացքում ելութ է ունեցել և վերահաստատել ՀՀ պարտավորությունները առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում իրականացնելու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նիստից հետո առանձին երկկողմ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմոլլերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ տարբեր ձևաչափերով համագործակցության ընթացքը և հետագա ծրագրերը: Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպում է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարծաշրջանային անվտանգության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: