Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատասխան բաց նամակին

Հասարակություն
karen-mejlumyan

​«Ա1+»–ն հրապարակել էր բաց  նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում արծարծվում էր Հյուսիսային պողոտայում հանրային տարածքին վերաբերող մի խնդիր։  Այսօր արձագանքել է մյուս կողմը. Պատասխան A1plus էլեկտրոնային թերթում 25.05.2018թ-ին հրապարակվել է Հյուսիսային պողոտա 10 հասցեի տարածքի սեփականատեր Նիկոլայ Դանիելյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին: Բաց նամակում խոսք է գնում այն մասին, որ Նիկոլայ Դանիելյանը Հյուսիսային պողոտա 10 շենք, հ. 3 կոմերցիոն տարածքի սեփականատերն է, իսկ այդ շենքի հարակից տարածքում գտնվող սեզոնային սրճարանը փակել է նրա սրճարանի մուտքն ու լուսավորությունը։ Իրականությունն այն է, որ իմ վստահորդի կողմից Հյուսիսային պողոտա 10 շենքի հարակից տարածում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայության կազմակերպմամբ նույն շենքի հ. 3 տարածքի սեփականատեր Նիկոլայ Դանիելյանի սեփականության իրավունքը չի խախտվում, լուսավորությունն ու մուտքի ճանապարհը, որն, ի դեպ, մուտքի 3 ճանապարհներից միայն մեկն է, քաղաքաշինական և այլ նորմերով սահմանված թույլատրելիության սահմաններում են: Ի դեպ, Նիկոլայ Դանիելյանին պատկանող տարածքում գործող սրճարանը հաճախորդների սպասարկման համար ունի մոտ 45 սեղան, իսկ «Մուդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ժամանակավոր-սեզոնային սրճարանն ունի միայն 12 սեղան: Կարծում եմ, որ Նիկոլայ Դանիելյանն ընդամենը խնդիր ունի իր տարածքի հարևանությամբ գործող փոքր սրճարանի գործունեությունը դադարեցնել, որպեսզի առանց մրցակցության գերշահույթներ ստանա: Դրա համար նա անգամ պատրաստ է բարեկարգել Հյուսիսային պողոտայի այդ հատվածը և ինչպես վարչապետին ուղղված իր բաց նամակում է գրել, պատրաստ է կանաչապատել, շատրվան կառուցել կամ հուշարձան տեղադրել, պատկերացնու՞մ եք, խոսքը գնում է Հյուսիսային պողոտայի մասին։ Հավելեմ, որ Նիկոլայ Դանիելյանը հայցով դիմել է դատարան ընդդեմ «Մուդ» ՍՊԸ-ի և վիճարկում է տարածքի վարձակալության ու առևտրային գործունեության թույլտվության պայմանագիրը: Նման պայմաններում հարց է ծագում, Նիկոլայ Դանիելյանն ինչու է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վարչապետը միջամտի՞ դատական գործին, թե դատական վեճի առկայության պայմաններում վարչահրամայական լծակներով արգելի «Մուդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բիզնեսը: Վստահ եմ, որ վարչապետը չի միջամտի դատական գործընթացին, ինչպես նաև իր լծակները չի օգտագործի մրցակից սրճարաններից փոքրի գործունեությունը դադարեցնելու համար: «Մուդ» ՍՊԸ ներկայացուցիչ` Կարեն Մեժլումյան