Բուսաբանական այգու աշխատակիցները հերքում են (տեսանյութ)
Բուսաբանական այգում ոչ մի ծառ չի հատվել, հակառակը՝ ծառեր են տնկվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց այգու գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան՝ անդրադառնալով Գագիկ Շամշյանի տարածած այն տեղեկությանը, թե այգում 500 ծառ է հատվել եւ տեղում պետք է հարսանյանց սրահ կառուցվի։ <<Տարօրինակ է, որ Գագիկ Շամշյանն անդրադարձել է բնապահպանական թեմայի, բացի դրանից ինչու չի փորձել ճշտել ինֆորմացիան տնօրինության հետ։ Այգում ընդամենը կառուցվելու է վրանային սրահ, այն էլ ժամանակավոր եւ 4 ամսից կքանդվի։ Ինձ մոտ կասկած կա, որ ուզում են մեր այգու տարածքը զավթել եւ տնօրինել>>։ Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանն էլ նշեց, որ այգում 500 ծառ է տնկվել, առաջիկայում էլ 100 սոճի կտնկվի։ <<Նախորդ տարվա համեմատ մեր բյուջեն կրճատվել է 7մլն դրամով։ Լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու համար մենք տրամադրել ենք վարձակալությամբ տարածք՝ անհատ ձեռներեց Գեւորգ Աղաբալյանին, տարածքում բաց վրանի տեսքով կառույց կլինի եւ այդտեղ կանցնացվեն տարբեր միջոցառումներ>>։ Այգու փոխտնօրենը չհերքեց, որ մշակութային միջոցառումներից զատ կկազմակերպվեն նաեւ հարսանիքներ՝ ամիսը մեկ անգամ։ Այգու աշխատակիցները բոլորին հրավիրում են այգու տարածք՝ անձամբ համոզվելու, որ լուրերը կեղծ են։ Սա էժանագին սենսացիայի համար է արվել, - հավելեց Սահակ Վարդանյանը։