Պարզվել է «Lragir.am»-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձանց ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: 2018թ. մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել 2018թ. ապրիլի 20-ին Երևան քաղաքի Արմենակյան-Մյասնիկյան փողոցների հատման մոտակայքում «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։ Թ.Ենոքյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նորք-Մարաշ տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել են փողոցը, իսկ մեկ այլ խումբ բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Իրեն տեսնելով՝ երկու անձ՝ արական և իգական սեռի, բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ հարվածել տեսախցիկին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունը։ Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե ----------------------------------------------------- Ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել ՋՕ ընկերության տնօրենին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2018 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաները նկարահանելու և լուսաբանելու ժամանակ Արարատի մարզի 1982թ. ծնված բնակիչը, ով հանդիսանում է ՋՕ ընկերության տնօրեն, բռնություն է գործադրել լրագրողի նկատմամբ, այն է՝ ձեռքով հարվածել է տեսախցիկին, ապա նաև՝ նրա դեմքին: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ընկերության տնօրենին՝ Ա.Ղազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե