Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնյա ու գործարար, միլիոնատեր հարազատները.Հետք

Հասարակություն
aac

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն իր ընտանիքում միակը չէ, ով պաշտոնյա է: 39-ամյա Վանեցյանը գրանցված է Երեւանի Բաղրամյան փողոցում՝ հոր՝ Գագիկ Վանեցյանի եւ մոր՝ Մարգարիտ Ազարյանի հետ: Սոցիալական կայքերում առկա նկարներից կարող ենք դատել, որ նա Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի մերձավորներից է: Պատահական չէ, որ Ա. Վանեցյանի կենսագրությունն առաջինը հենց Սիմոնյանի araratnews.am կայքը հրապարակեց: Ըստ այդմ՝ գնդապետ Վանեցյանը մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելը՝ 2016-2018 թթ., եղել է ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալը: Դրանից առաջ էլ՝ սկսած 2000 թվից, աշխատել է ազգային անվտանգության համակարգում: Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը 61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է նաեւ: «Հանրային ծառայության մասին» օրենքում 2017-ի ամռանը կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության շրջանակը ընդլայնվել է՝ ընդգրկելով ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Այսպիսով՝ նախագահականի կադրերի վարչության պետ Մ. Ազարյանը նույնպես ընդգրկվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակում: Մ. Ազարյանի հետ, վերոնշյալ օրենքի պահանջով, հայտարարագիր է ներկայացրել նաեւ նրա ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, ով համարվում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձ: Օրենքի համաձայն՝ այդպիսին համարվում է նաեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձը, ով, փաստորեն, պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, մյուս կողմից՝ Արթուր Վանեցյանը ծնողների հետ նույն հասցեում է հաշվառված, բայց հայտարարագիր չի ներկայացրել: Կարելի է ենթադրել, որ չնայած հաշվառմանը, ԱԱԾ նոր տնօրենն առանձին է ապրում: 2017-ի սեպտեմբերին, օրենքի փոփոխությամբ պայմանավորված, Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, չնայած, ինչպես ասվեց, կադրերի վարչության պետ է նշանակվել դեռ 2011-ին: Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն եւ հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել: Շարունակությունը կարդալ hetq.am-ում