Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Պաշտոնական
armen-sargsyan

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:  «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, եւ որոնց ես մաղթում եմ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք: Նրանք մեզ են փոխանցում պայքարի ոգին եւ հաղթանակի բերկրանքը: Մտածում են նաեւ բոլոր նրանց մասին՝ մեր ծնողների եւ պապերի, որոնք իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի դաժանություններն ու ծանրությունները. բլոկադա, սով, գերություն, համակենտրոնացման ճամբարներ ու գուլագ, որբություն ու անապաստանություն: Նրանք մեզ սովորեցրին տոկալ, հուսալ եւ վերապրել: Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջեւ, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը: Ցեղասպանությունից դեռեւս արնածոր հայ ժողովուրդը մեծ գին վճարեց ֆաշիզմի դեմ պայքարում, որի զավակներն իրենց փառքով պսակեցին բոլոր ճակատներում: Այդ հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ: Հենց այդ հերոսների ժառանգներն էին, որոնք տասնամյակներ անց հանուն ազատության մարտի ելան եւ ազատագրեցին Շուշին՝ կերտելով մեր նորօրյա հաղթանակները: Քաջության, հերոսության եւ հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին: Եվ այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխի, ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին: Փառք ու պատիվ բոլոր քաջերին եւ հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին»: