Փաստաբանական գրասենյակը հայտարարում է. Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման
Շտապ հաղորդագրություն «Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարում է. Սույն թվականի ապրիլի 22-ին ժամը՝ 11:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մինչև սույն հաղորդագրության հրապարակման պահը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ժամը 10:00-ն, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից կամ գործընկերներից որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին: ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի. «Մինչև ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի` (…) 5) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին. (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման»: Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման:
- Ոչ մի բացառիկ հանգամանք` պատերազմական իրավիճակ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ հասարակական ճգնաժամային իրավիճակ, չեն կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար»: