Ոստիկանությունը նախազգուշացնում է
2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը: Նմանատիպ բոլոր գործողությունների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից մինչ օրս դրսևորվել է հանդուրժողականություն՝ բազմաթիվ հայտարարություններով փորձելով կանխել հակաիրավական գործունեությունը: Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են բազմաթիվ զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը: 16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն՝ շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը: ՀՀ ոստիկանության բազմաթիվ հայտարարություններից և նախազգուշացումներից հետո հավաքի կազմակերպիչները շարունակում են հակաիրավական գործողությունները: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետևանքների պատասխանատվությունը ընկնում է կազմակերպիչների վրա:
Ոստիկանույթունը՝ ԶԼՄ-ներին Հարգելի լրագրողներ, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ: Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված: