Պտղի սեռը որոշելն անվճար ծառայություն է (տեսանյութ)
Մինչև 7 տարեկան երեխաներին ամբուլատոր և հիվանդանոցային բուժօգնությունն ու դեղորայքը պետությունը տրամադրում է անվճար, սակայն ոչ բոլորը գիտեն այդ մասին: Հայաստանի Հանրապետությունում անվճար են նաև հղի կանանց տրամադրվող բուժծառայությունները՝ նախածննդյան հսկողությունը, հղիության ախտաբանական ընթացքի բուժօգնությունը, ծննդաբերությունը և հետծննդյան խնամքը, կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումը: «Ցանկացած կին իր մարզում իրավունք ունի օգտվելու անվճար բուժօգնությունից, իսկ Երևան քաղաքի բնակիչը՝ Երևանում՝ իր ցանկությամբ ընտրած բուժհաստատությունում: Սակայն, եթե մարզից առանց ցուցումի ուզում է իր նախածննդյան հսկողությունն անցնել Երևանում իր ընտրած որևէ բուժհաստատությունում, դա պետք է լինի վճարովի»,- ասում է ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Գայանե Ավագյանը: Պտղի սեռը մինչև ծննդաբերություն որոշելը հիվանդանոցներում դարձել է քմահաճության առարկա: Բժիշկները հաճախ պահանջում են ծառայության դիմաց վճարել, որը իրավական հիմք չունի: «Միայն սեռի համար, եթե կինը գալիս է իր 3 էխոսկոպիաներից դուրս և ուզում է սեռ որոշել, սա ուրիշ խնդիր է: Սա առանց ցուցումի ինքը լրացուցիչ հետազոտություն է ուզում իրականացնել»,- պարզաբանում է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Հղի կանայք հաճախ նախընտրում են ծննդաբերել ծանոթ բժշկի օգնությամբ, որի դիմաց որոշակի գումար են վճարում նրան: Սա նույնպես անօրինական է, քանի որ նման որոշում և սահմանված գնացուցակ Կառավարությունը չունի: Այս և այլ մանրամասների ծանոթացեք պատրաստված տեսանյութով: