Վարժանքներ՝ ՀՀ-ում դեսպանատների աշխատակիցների դիտորդությամբ
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ Հայաստանում ԵՄ անդամ երկրների (շուրջ 10 երկիր), ԱՄՆ ու Շվեյցարիայի դեսպանությունների համար երկրաշարժերից և այլ արտակարգ իրավիճակներից պատրաստվածության համատեղ վարժանքներ կազմակերպելու հանդիպում-քննարկում: Հանդիպման սկզբում դեսպանությունների ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, հոգեբանական ծառայություն և աղետների բժշկության կենտրոն՝ ծանոթանալու դրանց առաքելությանն ու հիմնական խնդիրներին: Քննարկմանը ներկայացվեցին ԱԻ նախարարության ձևավորման ընթացքն ու կառուցվածքը, ապա անդրադարձ եղավ Հայաստանին սպառնացող աղետներին՝ մասնավորապես երկրաշարժերին, դրանց դիմակայելու ՀՀ կարողություններին և քաղաքացիների վարքականոններին: Սեմինարի ընթացքում ՀՀ ԱԻ նախարարության և դեսպանատների ներկայացուցիչները քննարկեցին հնարավոր աղետներին արագ արձագանքելու համատեղ գործողությունները: Միջոցառման շրջանակում ապրիլի 5-6-ը ՀՀ ԱԻ նախարարությունը ՀՀ Կոտայքի մարզում իրականացնում է նաև դաշտային ուսումնավարժություն՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան: Նպատակն է կատարելագործել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի հմտությունները և ՀՀ օտարերկրյա գործընկերներին հնարավորություն տալ գործնականում տեսնելու հնարավոր աղետի դեպքում ՀՀ ԱԻՆ կարողություններն ու ձեռնարկվող միջոցառումները: Վարժանքի գործնական հատվածն անցկացվում է «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում: Դրանց ներկա էին նաև ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները: Ըստ սցենարի` պայմանական երկրում վաղ առավոտյան գրանցվել է 6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ: «Տուժած երկիրն» օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը, և այդ նպատակով VIRTUAL OSOCC (On Side Operations Coordination Centre) կայքում տեղադրվել է երկրաշարժի հետևանքների, ստեղծված իրավիճակի, «տուժած երկրի» իշխանությունների կողմից կազմակերպված արձագանքման և պահանջվող օգնության վերաբերյալ տեղեկատվություն: Հայաստանն արձագանքում է օգնության խնդրանքին: Իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային չափանիշներով որակավորված ՀՀ ԱԻՆ 50-հոգանոց քաղաքային որոնողափրկարարական հիմնական և պահեստային թիմերի ազդարարում: Անցնելով սահմանված ընթացակարգը (փաստաթղթային և բժշկական ստուգումներ, խնդրադրում և այլն)՝ հայկական թիմը հասնում է «տուժած երկիր», բացազատվում և իրեն հատկացված տեղամասերում ձեռնամուխ լինում փրկարարական աշխատանքների: Ուսումնավարժանքը տևելու է 36 ժամ և շարունակվելու է ապրիլի 6-ին: ՀՀ ԱԻՆ