Կալանավորված ազատամարտիկը վարքային խանգարումներ ունի (տեսանյութ)
Թուլամտություն՝ վարքային խանգարումներով: «Դատապարտյալների հիվանդանոց»-ը նման ախտորոշում է տվել Նորք-Մարաշի զինված խմբի գործով կալանավորված, Էդուարդ Ներսիսյանին՝ Ապար անունով հայտնի ազատամարտիկին .»Այսինքն նրա վիճակը ոչ թե կայուն է, այլ գնում է դեպի վատթարացում»,- ասում է նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը: 2015 թ-ի նոյեմբերին կալանավորված Էդուարդ Ներսիսյանը ունի առողջական բազմաթիվ խնդիրներ։ Դրան գումարվել է կալանավայրում ստացած ինսուլտի հետեւանքները։ «Վտանգավոր է, որովհետեւ մեկ օր կարող ենք նրան կորցնել: ՔԿՀ-ներում մահացության ցուցանիշները շատ բարձր են»,- ահազանգում է Կարմեն Պողոսյանը: Պաշտպանը դեռ 14 ամիս առաջ միջնորդություն է ներկայացրել՝ Էդուարդ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը որոշել էր միջնորդությունը քննությունը հետաձգել, մինչեւ միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովի եզրակացության ստանալը. «Ստացվել է եզրակացություն, ըստ որի տարած ինսուլտից հետո մնացել են թեթեւ մնացորդային երեւույթներ»: Ստացված եզրակացությունից հետո էլ միջնորդությունը քննության առարկա չի դարձել: Պաշտպանն այսօր որոշել էր դատարանին ներկայացնել Էդուարդ Ներսիսյանի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն: Սակայն նիստը սկսելուն պես դատարանում սկսվեցին հետազոտվել հեռախոսային խոսակցությունները: Կարճ ժամանակ անց զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի պաշտպանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը իրեն վատ է զգում: Սիրուշ Աղվանյանն ահազանգում է՝ Արթուր Վարդանյանի առողջական վիճակն արդեն տեւական ժամանակ է գնալով վատանում է. «Արդեն ի վիճակի չէ նստել եւ իր համար կանչում են Շտապ օգնություն: Այսօր ասում էր, որ լյարդը շատ ուժեղ ցավում է եւ ցավը տալիս է թոքերին: Ջերմությունը հուլիսի կեսերից սկսած 37-ից մինչեւ 37,5, 38 է, անընդհատ տատանվում է»: 2015 թ վնասազերծված խումբը ըստ մեղադրական եզրակացության՝ թիրախավորել եւ հարձակումներ է նախապատրաստել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության շենքի, Հայաստանի հանրային հեռուստատեսության շենքի վրա: Ստեղծված զինված խմբի անդամները քննարկել են նաեւ թռիչքի պահին նախագահի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը, սակայն, այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել: