Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ում հանդիպել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի անդամների հետ
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտ (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Արևելք-Արևմուտք ինստիտուտ կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին: Ներկա փուլում կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում: Ինստիտուտը տարբեր ոլորտներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսիք են կանխարգելիչ դիվանագիտությունը, տնտեսական և տարածաշրջանային անվտանգությունը, կիբերանվտանգությունը: Ինստիտուտի պատվավոր նախագահներ և տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, Պեպսիկո ընկերության հիմանդիրի Դոնալդ Քենդալը,շատ ուրիշներ: Արմեն Սարգսյանը 2008 թվականից զբաղեցնում է Ինստիտուտի փոխնախագահի պաշտոնը։