ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ուշ երեկոյան շվեյցարական Նիոն քաղաքում կրկին հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային պատվիրակությունները` քննարկելու սեպտեմբերի 8-ին եւ 12-ին «Եվրո-2008»-ի շրջանակներում կայանալիք հանդիպումների հարցը: Հայաստանից քննարկմանը մասնակցել են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, իսկ Ադրբեջանից` ԱՖԱ-ի նախագահ Ռամիզ Միրզոեւը եւ քարտուղար Ֆուադ Ասադովը:
Մոտ 1.5 ժամ տեւած քննարկումը որեւէ արդյունք չի տվել: Ըստ ՀՖՖ-ի մեր աղբյուրի հայկական կողմը կրկին առաջարկել է հանդիպումները անցկացնել ըստ կանոնակարգի` Երեւանում եւ Բաքվում, սակայն ադրբեջանցիները կտրականապես դեմ են եղել այս տարբերակին եւ կրկին առաջարկել են մրցել չեզոք դաշտում: ՀՖՖ-ն համաձայնել է միայն Բաքվի հանդիպումը անցկացնել չեզոք դաշտում, իսկ երեւանյան հանդիպման տեղափոխումը Ռուբեն Հայրապետյանը կտրականապես մերժել է, քանի որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես անվտանգության երաշխիքներ է տրամադրել ՈւԵՖԱ-ին:
Այսպիսով ` հարցը վերջնական լուծում կստանա ապրիլի 18-ին Կարդիֆում կայանալիք ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ընթացքում: