Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՄՐՑԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ԻՐԵՆ

Սպորտ

Մեկնարկել են բասկետբոլի Հայաստանի մեծահասակների, պատանիների, տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Ի տարբերություն նախորդ տարիների` 2007թ. առաջնություններում խաղերի քանակը բավականին շատ է եւ դա պայմանավորված է նոր մրցակարգով, որը թիմերին հնարավորություն է տալիս հանդիպումներ անցկացնել եւ սեփական հարկի տակ եւ մրցակցի դաշտում: Առաջնությունների մասին ավելի մանրամասն խոսեցին Բասկետբոլի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ:

- Տղամարդկանց առաջնությունը մեկնարկել է մեկնումային տարբերակով եւ մենք գրեթե ամեն օր խաղ ունենք: Մասնակից 6 թիմերից անակնկալ է մատուցում «Գյումրի» թիմը, որը այժմ ընթանում է 3-րդ տեղում: Շատ լավ խաղ են ցուցադրում գյումրեցիները եւ մեծ պոտենցիալ ունեն, որպեսզի չսահմանափակվեն 3-րդ տեղով: Առաջին 2 տեղերում ընթանում են ԵՊՀ-ն եւ «Պոլիտեխնիկը»: Ի դեպ նշեմ, որ այսօր ժամը 18:00-ին «Պոլիտեխնիկի» դահլիճում տեղի է ունենալու հանդիպում առաջատարների միջեւ: Շատ կազմակերպված թիմ է նաեւ Արցախի «Ղարաբաղ Տելեկոմը»: Ֆիզիկական կուլտուրայի պետական պետական ինստիտուտի թիմը` ՖԻՄԱ-ն, համալրված է հիմնականում մեր երիտասարդ բասկետբոլիստներով, որոնք երեկ վերադարձել են Ֆրանսիայից` միջազգային մրցաշարից: Ճիշտ աշխատելու դեպքում էլ` վստահ եմ, որ թիմը այս տարի էլ կարող է ինչ-որ արդյունք ցույց տալ: Անակնկալ թիմ է ներկայացրել նաեւ «Վանաձորը», որը բավական լավ պատրաստված եւ լուրջ ակումբ է: Կարող ենք ասել, որ այսօր տղամարդկանց բասկետբոլ ունենք նաեւ Վանաձորում:

- «Ղարաբաղ Տելեկոմը» սեփական հարկի տակ հանդիպումները Ստեփանակերտու՞մ է անցկացնում:

- Նրանց համար բացառություն ենք արել եւ թույլատրել ենք գալ եւ փնջով խաղալ: Այսինքն, Հայաստանի թիմերը մեկնումնային տարբերակով են հանդես գալիս, իսկ Արցախի թիմը ժամանում է եւ 5 օր մրցակիցների հետ 5 հանդիպում է անցկացնում եւ վերադառնում Ստեփանակերտ, քանի որ մեր թիմերը ֆինանսապես ի վիճակի չեն ամեն անգամ հասնեն Արցախ: Ուստի ընդհանուր հայտարարի եկան եւ այս տարբերակը ընդունեցինք:

- Արդեն ուրվագծվել են առաջատարները` ԵՊՀ-ն եւ «Պոլիտեխնիկը»: Ձեր կարծիքով այս թիմերի պայքարին մյուս ակումբները կարո՞ղ են միջամտել, թե պարզապես կլինեն միավորների բաժանողի դերում:

- Չեմպիոնությանը հավակնում են առնվազն 3 թիմեր: ԵՊՀ-ն եւ «Պոլիտեխնիկը» հավասարազոր թիմեր են, որոնց շատ մոտ է «Գյումրի»-ն: Ճիշտ աշխատանքի դեպքում այս թիմերին կարող է միանալ նաեւ ՖԻՄԱ-ն:

- Արդարացնու՞մ է արդյոք իրեն նոր մրցակարգը:

- Մտավախություն կար նախքան մեկնումնային տարբերակը կիրառելը, սակայն այսօր դա իրեն արդարացնում է, որովհետեւ ամեն խաղին առնվազն 300-400 հոգի մարդ է հավաքվում: Դուք միայն պետք է տեսնենք, թե Գյումրիում ինչ է կատարվում եւ տեղի թիմը հանդիպումներ է անցկացնում: Այսօր կայանալիք «Պոլիտեխնիկ» - ԵՊՀ խաղը ցանկանում էին տեղափոխել ավելի մեծ դահլիճ, քանի որ ցանկացողների թիվը անհամեմատ շատ է, Պոլիտեխնիկի դահլիճում առկա նստատեղերից: Բոլոր խաղերում էլ հանդիսականներ լինում են եւ սա մեկնումնային տարբերակի առավելությունն է: Այստեղ տուժում է միայն ֆեդերացիան, քանի որ ծախսերն են շատանում: Ասեմ նաեւ, որ խաղերում մի քանի պարտադիր պայմաններ են մտցրել, որը կապված է մարզիչների հագուկապի հետ: Պարտադիր պետք է փողկապով եւ կոստյումով լինեն:

- Ովքե՞ր են մասնակցում կանանց առաջնությանը:

- Կանանց առաջնությունում ունենք 7 թիմեր: Առաջին տեղի համար պայքարում են «Գրանտը» եւ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի թիմը: Այստեղ եւս անակնկալ մատուցեց Արցախի թիմը, որը «Էրբունի-ՖԻՄԱ»-ի հետ կպայքարի 3-րդ տեղի համար: Գյումրիից հանդես է գալիս նաեւ քաղաքային թիմը, որը համալրված է այս քաղաքի աղջիկների երիտասարդական հավաքականի անդամներով: Աջափնյակ համայնքը ներկայացրել է «Աջարա» թիմը: Այստեղ պետք է նշել, որ թիմին ֆինանսավորեց Աջափնյակի թաղապետը: Թիմ ունի նաեւ Վանաձորը: Այս թիմերը կպայքարեն 5-7-րդ տեղերի համար:

- Նշեցիք, որ թիմեր ունեն Գյումրին, Վանաձորը, Արցախը եւ իսկ մնացածը ներկայացնում են Երեւանը: Իսկ մյուս մարզերում ինչպիսի՞ն է բասկետբոլի վիճակը: Կա՞ն նախադրյալներ, որ առաջիկայում մյուս քաղաքները եւս կունենա իրենց թիմերը:

- Մանկապատանեկան մրցումներում ամենաուժեղը Արարատի թիմն է: Արարատի կանանց մեծահասակների թիմը ֆինանսական դժվարությունների պատճառով չկարողացավ մասնակցել առաջնությանը եւ այնտեղ հանդես եկող աղջիկները ցրվեցին: Այսօր նրանք հանդես են գալիս Արցախի, «Էրեբունի ՖԻՄԱ»-ի թիմերում: Այնտեղ աշխատում է Վարդանյան Էդիկը, որի գլխավորած թիմերը առաջնությունում միշտ դառնում են չեմպիոն կամ փոխչեմպիոն: Արարատի տղաների թիմը նույնպես վատը չէ: Ինչ վերաբերվում է մյուս քաղաքներին, ապա Էջմիածինը լավ պատանեկան թիմ ունի: Արթիկում, Նոյեմբերյանում, Սեւանում, Ստեփանավանում, Մասիսում, Արմավիրում եւ Մեծամորում եւս ունենք թիմեր: Այս քաղաքներում կա բասկետբոլ եւ ամենակարեւորն այն է, որ նրանք մասնակցում են պատանեկան մրցումներին: Պարզապես մեծահասակների պարագայում ծախսերը ավելի շատ են: Եթե անցած տարի ունեինք տղաների 5 եւ աղջիկների 6 թիմեր, ապա այս տարի մեկական թիմերով ավելացել են: Բացի այդ կանանք առաջնությանը այս տարի չեն մասնակցում «Գրանտ-2»-ը եւ Երեւանի մանկավարժական համալսարանի թիմը: Եթե այս թիմերն էլ մասնակցեին կլիներ 9 թիմ, իսկ ես Ձեզ վստահեցնում եմ, որ բոլոր երկրներում էլ կանանց առաջնությունում 8 թիմ ունենալը դա մեծ նվաճում է:

- Թիմային մարզաձեւերով ծախսերը բավական շատ են: Ներկայումս որքա՞ն է կազմում հայաստանյան ակումբների բյուջեն:

- Ես կարող եմ ասել, թե որքան գումար է անհրաժեշտ Հայաստանի առաջնությունում, իսկ թե որքան գումար են հատկացնում աշխատավարձին չեմ կարող ասել: Նշեմ, որ բոլոր թիմերում բացառությամբ ՖԻՄԱ-ի, ստանում են աշխատավարձ: Ճիշտ է մեծ գումարներ չեն վաստակում, բայց արդեն դրական տեղաշարժեր կան: Իսկ ծախսերը Հայաստանի առաջնությունում կազմում են 700-800 հազար դրամ, որի մեջ մտնում է նաեւ ճանապարհածախսը, մրցավարների վճարումները:

- «Պոլիտեխնիկ» ակումբում հանդես է գալիս 56-ամյա մի բաստկետբոլիստ: Սա աննախադեպ երեւույթ է մեծ սպորտում: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

- Խոսքը Դավթյան Եղիշի մասին է, որը մեր հին բասկետբոլիստներից է: Մի մարդ, որը ողջ կյանքում չի օգտագործել ալկոհոլ եւ ծխախոտ, ապա հանդես կգա (ծիծաղում է): Մյուս թիմերում էլ կան փորձառու բասկետբոլիստներ: ԵՊՀ-ում հանդես է գալիս Գարիկ Ճշմարիտյանը, որը թեեւ 40- անց է, սակայն ամենաարագ խաղացողներից մեկն է:

- Փորձառուներին փոխարինողներ ունե՞նք:

- Միանշանակ: Մեր մանկապատանեկան թիմերում շատ խոստումնալից երիտասարդներ կան: Կփորձենք չկրկնկնել անցյալում կատարված սխալները: Այսօր Հայաստանում մոտ 3-4 հազար երեխա է զբաղվում բասկետբոլով: Սա մարզադպրոցների տվյալներ է, մինչդեռ ակումբներում եւս ընգրկված են հարյուրավոր բասկետբոլիստներ: Եթե այս երեխաներից մի մասին էլ կարողանանք պահել մոտ ապագայում կունենանք նաեւ մեծահասակների հավաքական:

- Մեր անցած զրույցի ժամանակ նշեցիք, որ այսօր բասկետբոլի ամենամեծ խնդիրներից մեկը բանակն է, քանի որ մարզիկը ուժերի ծաղկման շրջանում զինակոչվելով բանակ, շուրջ 2 տարի չի մարզվում եւ կորցնում է իր որակը: Այս հարցում որեւէ տեղաշարժ կա՞:

- Դա մեծ խնդիր է բոլոր խաղային մարզաձեւերում, ուղղակի երեւի միայն ես եմ այս մասին խոսում: Չգիտեմ ինչեւ վոլեյբոլում կամ հանդբոլում այդ մասին չեն խոսում: Ես մեծ հույսեր եմ կապում նաեւ առաջիկա ընտրությունների հետ: Հարցը նրանում չէ, թե ով կհաղթի: Հարցը նրանում է, որ կկայունանա երկրի վիճակը:

Զրուցեց Արթուր Նազարյանը: