Ղարաբաղի՞ց սկսվեց պայքարը, թե՞ Հայաստանից (տեսանյութ)
Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված քննարկմանն այսօր Հայելի ակումբը հյուրընկալել է քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանին։ Պարոն Մանուչարյանը հիշում է. 1988-ին իր ելույթներից մեկում ասել է՝ Խորհրդային Միության ԿԳԲ-ն Ղարաբաղյան շարժման ժամանակ ունեցել է հրահրիչ դեր, որի արդյունքում տեղի ունեցան Սումգայիթի, Կիրավաբադի, Բաքվի ջարդերը: Ըստ նրա՝ այդ ջարդերի նպատակը գորբաչովյան «պերեստրոյկան» կասեցնելն էր: Նա պատմեց, որ շարժման 1-ին հավաքը անցկացվել է իրենց՝ Սեբաստացի դպրոցում (այն ժամանակվա 183 դպրոցում): «Շարժման ավագ սերունդը փորձում էր պայմանավորվել ապարատային՝ դիմել Մոսկվա, Ղարաբաղում ինչ-որ բաներ ձեռնարկել, իսկ երիտասարդները ավելի համարձակ էին հրապարակային գործողություններում»,-նշեց նա: Ըստ պարոն Մանուչարյանի՝ շարժման ձեռքբերումներից էին հաղթանակը՝ պատերազմում, փախստականների մեծ հոսքի և աղետի գոտու ողբերգության հաղթահարումը: Մարդիկ տեսան, որ ի վիճակի են այդ ամենը հաղթահարել: Սխալներից մեկն այն էր, որ «Ղարաբաղ կոմիտեն» որոշում կայացրեց գնալ դեպի կառավարում: Նրա կարծիքով՝ շարժման որակը կորավ դրանով: «Ա1+»-ի հարցին՝ ինչու Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը միջազգային հարթակներում չեն դառնում Արցախյան հիմնախնդրի բաղկացուցիչ մաս, բանախոսը պատասխանեց, որ միջազգային հարթակները Համաշխարհային ֆինանսական համակարգի կառավարման ներքո են: «Մեր պատկերացումը, որ կան հուրի-փերի քեռիներ, որոնք փնտրում են արդարությունը, ճշմարտությունը էս աշխարհում և այլն, իրականության հետ որևէ աղերս չունեն: Էդ քեռիները, որ այստեղ՝ երևում են, նրանք ամենախոշոր դահիճներն են Երկիր մոլորակի»,-եզրափակեց պարոն Մանուչարյանը: