«Պետություն-բիզնես» ծառայությունների գծով մտադիր ենք հասնել 100 տոկոսանոց ցուցանիշի»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ելույթ է ունեցել Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին: Ներկայացնելով Հայաստանի թվային օրակարգը՝ վարչապետն ընդգծել է, որ թվային վերափոխումը, մեր ընկալմամբ, ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթաց, այլև միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր, ու այստեղ մեզ համար այլընտրանքներ չկան: «Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ակտիվ զարգանում է: Վերջին տարիներին այս բնագավառում մենք տարեկան ունենում ենք շուրջ 25 տոկոս աճ: Մենք դեռ չենք ամփոփել անցյալ տարվա արդյունքները, բայց ակնկալում ենք մոտ 28-30 տոկոս աճ», - նշել է Կարեն Կարապետյանը: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև կրթական ոլորտին՝ նշելով, որ Հայաստանի բոլոր, անգամ հեռավոր շրջանների դպրոցներում շախմատը որպես ուսումնական առարկա է դասավանդվում, ինչպես նաև ուսուցանվում են ռոբոտատեխնիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ, իսկ այս տարվանից՝ բիզնես և ֆինանսներ: Կարեն Կարապետյանը խոսել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին՝ նշելով, որ 2016 թվականին այն աշխարհի լավագույն նորարարական դպրոց է ճանաչվել, և ներկայում կենտրոնն ընդլայնվում է ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Վերջերս Փարիզի քաղաքապետարանն է հայտարարել իրենց մոտ նման կենտրոն բացելու մասին: Անդրադառնալով Հայաստանի թվային օրակարգին՝ վարչապետն ասել է, որ ներկայում թվային արագընթաց առաջխաղացումն իրականացվում է թվային փոխակերպման 6 հիմնական ուղղություններով՝
- թվային կառավարություն
- թվային հմտություններ
- ենթակառուցվածք
- կիբերանվտանգություն
- մասնավոր հատված
- ինստիտուցիոնալ հիմքեր: