Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈԽԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Սպորտ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղար Ֆուադ Ասադովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք հանդիպումների վայրը ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա մինչեւ ապրիլի 18-ը:

ԱՖՖ-ի քարտուղարը «Ազերիսպորտ»-ին տված հարցազրույցում նշել է, թե իրենք կտրականապես դեմ կլինեն, եթե ՈւԵՖԱ-ն որոշի Բաքվում կայանալիք հանդիպումը անցկացնել չեզոք դաշտում, իսկ երեւանյան հանդիպումը` ըստ կանոնակարգի. «Այս բանակցություններում Ադրբեջանի համար հաղթական տարբերակն այն կլինի, որ 2 հանդիպումներն էլ անցկացվեն չեզոք դաշտում»:

Ասադովը հրաժարվել է ենթադրել, թե բանակցությունների վրա ինչ ազդեցություն կունենա ՈւԵՖԱ-ի նորընտիր նախագահ Միշել Պլատինին. «Ավելի լավ կլինի դա հարցնել անձամբ Պլատինիից: Ես նրա հետ խոսել եմ դեռ այն ժամանակ, երբ նա դեռ չէր ընտրվել ՈւԵՖԱ-ի նախագահ: Պլատինիին ասացի, որ ինչպես կարող է Ադրբեջանը ապահովել անվտանգությունը, երբ երկրում միլիոնավոր փախստականներ կան, որոնցից շատերը միայն սպասում են Բաքվում տեսնել գոնե մեկ հայի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին շվեյցարական Նիոն քաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային պատվիրակություններին ընդունելու է ՈւԵՖԱ-ն եւ նրա նախագահ Միշել Պլատինին: Հայկական պատվիրակության կազմում Նիոն են մեկնելու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Այս հանդիպումից 6 օր անց Կարդիֆում կայանալու է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հերթական նիստի, որի ընթացքում էլ վերջնականապես հայտնի կդառնա, թե որտեղ են մրցելու Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: