Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու մարզի սողանքային գոտում հորատման աշխատանքներ են իրականացվում

Պաշտոնական
32896_b

Հունվարի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մեկնեց Լոռու մարզի Թումանյան համայնք՝ հետևելու այնտեղ առկա ակտիվացած սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքներին: Շարունակվում են տեղամասում  ջրի ելքերի դիտարկման աշխատանքները: Սողանքային լանջի կայունացման համար որոշում է կայացվել հեռացնել գրունտային ջրերը հորիզոնական հորատման միջոցով:  Հորատման կետերը որոշվել են ինժեներաերկրաբանական հետազոտության միջոցով: Տեղում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ հորատման տեխնիկան տեղ հասցնելու ուղղությամբ: ԱԻ նախարարի հրամանով՝ տեղում ծավալված շտաբում նախարարն անցկացրեց  սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքների հետագա կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը,  «Վեոլիա ջուր», «Հարավկովկասյան երկաթուղի»  և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների ներկայացուցիչները:  Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սողանքային մարմնի կայունացմանն ու հետագա տարածման ռիսկերի չեզոքացմանն ուղղված աշխատանքները: ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունը շարունակում է տեղում աշխատել շուրջօրյա հերթապահության ռեժիմով:  Հիշեցնենք, որ Թումանյան համայնքում օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ էր ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար: