Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրությունը հասուն չէ որոշելու լավագույն մարզիկներին». Արման Քարամյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
sport-10-lavagujn-24.01.

Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը տարվա լավագույն մարզիկների ընտրության հարցում այլեւս չի վստահում մարզական լրագրողներին: «Վերջին երկու տարիներին մարզական լրագրողների կողմից անցկացրած 10 լավագույն մարզիկների ընտրությունը դժգոհության ալիք առաջացրին հասարակության շրջանում: Քննադատությունների հիմնական սլաքն ուղղված էր նախարարությանը: Մեզ մեղադրում էին անգործության մեջ: Այդ իսկ պատճառով 2016 թվականի դեկտեմբերի վերջում նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նա ասաց, թե նախարարությունն անմասն չի մնալու եւ որ հանրությունը կորոշի նոր ձեւաչափ եւ նորովի կորոշվեն տարվա լավագույն մարզիկները», - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։ Նա  2017 թվականի 10 լավագույն մարզիկների մրցույթի կազմակերպման եւ անցկացման հանձնաժողովի նախագահն է: Նոր ձեւաչափով նախարարարությունը լրագրողների եւ հասարակության էլեկտրոնային հաղորդագրությունների քվեարկությունների արդյունքում կազմավորեց լավագույն երկու տասնյակ՝ մեկ ընդհանուր տասնյակ ձևավորելու համար: Ըստ փոխնախարարի, լրագրողները տրամաբանական ընտրություն են կատարել, իսկ հանրությունը՝ զգացմունքային: Զարմանալի չէ, որ էլեկտրոնային քվեարկության արդյունքներով սամբիստ Գրիգոր Մխիթարյանն ավելի շատ ձայներ էր հավաքել, քան օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կամ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: «Այո, նոր ձեւաչափով կարող են գտնվել մարզիկներ, որոնք ջանք ու եռանդ կգործադրեն, որպեսզի որոշակի վարկանիշներ ունենան: Սա ավելի շատ խոսում է հանրության չհասունացվածության մասին: Այդ ուղղությամբ մենք դեռեւս շատ անելիքներ ունենք», - եզրակացրեց փոխնախարարը: