Խորհրդարանն այսօր լսումներն սկսեց վիճաբանությամբ (տեսանյութ)
«Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները սկսվեցին վիճաբանությամբ։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձում էր հարց ուղղել ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին, սակայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդհատեց նրան` ասելով, թե ԱՎԾ-ն միայն ներկայացնելու է փաստեր, որի հետ ընդամենը կարող են համաձայնվել, կամ` ոչ։ «Եթե այդպես է, ապա պարոն Մնացականյանը կարող է գնա իր գործերին, բոլորս տառաճանաչ ենք, կարող ենք կարդալ զեկույցը»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով. «Եթե հարց չենք տալու, ինչու ենք նրա ժամանակը խլում»: Նրան արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ասելով. «Ես խնդրում եմ հանգիստ, կրքեր պետք չէ ծավալել։ ԱՎԾ ղեկավարը ելույթով հանդես կգա, իսկ քննարկման վերջում` եզրափակիչ ելույթում կանդրադառնա հնչեցված բոլոր հարցերին»։ Նիկոլ Փաշինյանը տեղից սկսեց ընդվզել։ «Եկեք միմյանց հարգենք, կարգը հաստատված է։ Եթե համաձայն չեք դրա հետ, կարող եք ելույթ ունենալ ու քննադատել այս կարգը, սակայն պետք չէ տեղից ընդվզել։ Մարդկային հարաբերությունն ու հարգանքը չպետք է մոռանանք, միմյանց տեսակետները պետք է հանդուրժենք»,- կոչ արեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր հերթին նկատեց. «Նման ձեւակերպումներով լսումները սկսելը անընդունելի ենք համարում. մենք պետք է բաց քննարկման հնարավորություն ունենանք, խորքային հարցեր տանք ու սպառիչ պատասխաններ ստանանք։ Վերապահումներով քննարկումներ չպետք է իրականացնենք»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւս հանդես եկավ կոչով. «Վերադառնանք կառուցողական դաշտ։ ԱՎԾ ղեկավարը զեկուցող չէ, այլ հաղորդում տվող է։ Դա ԱԺ նախագահի լիազորությունների մեջ է` ով է զեկուցող եւ այլն։ Մենք այստեղ չենք հավաքվել թոզ փչենք ու գնանք. բոլորդ էլ ձեր հարցը կուղղեք ու կստանաք պատասխաններ»։ Վիճաբանությունից անմիջապես հետո ելույթ ունեցան ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը եւ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։