A
A
Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սարգսյանը մասնակցել է ԿԲ ընդունելությանը (տեսանյութ)
Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի այն դրական ձեռքբերումները, որ Հայաստանն անցած տարի ունեցել է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում, ամբողջովին տեղափոխվեն 2018 թվական և ամրապնդվեն ու ավելի շատանան:
«Կարծում եմ՝ ձեզ ավելի, քան որևէ մեկին, հայտնի են մեր տնտեսության այս տարվա ցուցանիշները և ուզում եմ շեշտել, որ այդ ցուցանիշների ձեռքբերման մեջ մեծ է ձեր դերակատարությունը՝ ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ առևտրային բանկերի:
Շատ կարևոր է, որ դուք, իրոք, մեծ ինքնուրույնություն եք ցուցաբերում: Ձեր օրինակը ուրիշների համար պետք է վարակիչ լինի»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ անընդունելի համարելով բոլոր այն խոսակցություններն ու մոտեցումները, թե պետք է փորձել արհեստականորեն ֆինանսական համակարգի միջոցով ազդել տնտեսության վրա:
«Հասկանալի է, որ ֆինանսական համակարգը շատ բաներով կանխորոշում է երկրի առաջընթացը, տնտեսական աճը, բայց երբ դրա հիմքում ընկած են օբյեկտիվ իրականություններ, այլ ոչ թե արհեստականորեն մտացածին բաներ»,-նշել է Նախագահը:
Ընդունելության ժամանակ Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բանկային համակարգի աշխատակիցներին անցնող տարում համակարգի զարգացման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հետագա հաջողություններ:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև 2018 թվականին Կենտրոնական բանկի առջև դրվող հիմնական խնդիրներին և անելիքներին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի
ելույթը ԿԲ-ում 2017 թվականի տարեմուտի ընդունելությանը
Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ,
Հարգելի գործընկերներ, հյուրեր
Ողջունում եմ ձեզ՝ ավանդույթ դարձած տարեմուտի այս միջոցառմանը, որի ընթացքում կներկայացնեմ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովման գործընթացում Կենտրոնական բանկի դերակատարումը:
Առկա մակրոտնտեսական կայունության ձևավորմանը Կենտրոնական բանկը շարունակել է նպաստել գների կայունության ապահովման միջոցով: Գնաճային սպասումների նվազման պարագայում դեռևս 2015 թվականից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 12 անգամ: Ընդհանուր 4.5 տոկոսային կետով տոկոսադրույքի նվազեցումը ԿԲ-ն իրականացրել է արտաքին աշխարհի և ներքին տնտեսության ռիսկերի կշռմամբ:
Կենտրոնական բանկի ճկուն քաղաքականությունը որոշակիորեն մեղմել է Հայաստանի տնտեսության վրա արտաքին ցնցումների բացասական ազդեցությունները, և փաստ է, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանի Հանրապետությունում են արձանագրվել նվազագույն տատանողականությամբ տնտեսական ցուցանիշներ: Ներկայումս ակնհայտ են տնտեսական աճի համար հենասյուն հանդիսացող գնաճային կայուն միջավայրի առկայությունը, տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի աճի միտումները: 2017 թվականն ավարտում ենք գնաճի նպատակի տատանումների թույլատրելի միջակայքում:
Ընդամենը 2 շաբաթ առաջ Ֆիտչ վարկանշային կազմակերպությունը Հայաստանի տնտեսության հեռանկարը կայուն զարգացողից փոխել է դրական զարգացողի, ինչի համար կարևոր գործոն է հանդիսացել նաև Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը, որը Ֆիտչը կրկին գնահատել է վստահելի:
Կենտրոնական բանկը, գների կայունության ապահովմանը զուգահեռ, մշտապես կարևորել է ֆինանսական կայունության ապահովումը, որը 2018 թվականից, գների կայունության հետ հանդիսանալու է Կենտրոնական բանկի հիմնական նպատակ, ինչը ժամանակի մարտահրավեր է և միտում է դարձել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո:
Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման խնդրի ներքո մեր գործողությունները, ի թիվս այլոց, ուղղված են ֆինանսական համակարգում մրցակցության խորացմանը, վարկավորման և ներգրավված միջոցների ժամկետայնության աճին և ապադոլարիզացիային, որոնք տնտեսության վարկավորման հետագա աճի կարևորագույն նախապայմաններ են: Այս քաղաքականությունը հիմնականում իրականացվել է տարբերակված պարտադիր պահուստավորման նորմատիվային գործիքի կիրառմամբ, և քաղաքականության դրական արդյունքներն ակնհայտ են: Վարկերի և ավանդների դոլարիզացման մակարդակի նվազեցման վերաբերյալ փաստվում է նաև վարկանշային կազմակերպությունների կողմից, ինչը վերջիններիս գնահատմամբ անհրաժեշտ է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից: Կայուն է գնահատվել նաև բանկային համակարգը՝ բնութագրելով այն «բարձր կապիտալացված»:
Օգտվելով առիթից, մեկ անգամ ևս բարձր գնահատենք ֆինանսական ինստիտուտների և հատկապես բանկերի ճկուն գործունեությունը, ինչի շնորհիվ մեր քաղաքականության արդյունքներն ավելի արագ են առարկայական դառնում: Արժե նաև հիշել, որ անցնող տարիներին տեղի են ունեցել համաշխարհային մասշտաբի մի քանի ցնցումներ, որոնք շատ պետությունների ստիպել են պետական միջոցների էական ներարկմամբ փրկել և կայունացնել ֆինանսական համակարգը: Մեր դեպքում դրա անհրաժեշտությունը չի եղել և չկա: Ավելին, չնայած ճգնաժամային տարիների տնտեսության իրական հատվածից բխող ռիսկերին, բանկերը վարկավորել են տնտեսական ներուժն ավելացնող ոլորտները, գիտակցելով, որ իրենց գործունեությամբ որոշակիորեն կնպաստեն տնտեսական աճին: Տնտեսությանը ֆինանսական միջոցների տրամադրման գործում մշտապես ակտիվ են եղել նաև վարկային կազմակերպությունները:
Ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ