«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները ծաղրել են Զլատան Իբրահիմովիչին
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո թիմերի մարզիչների եւ ֆուտբոլիստների միջեւ տեղի ունեցած ընդհարումը կապված է եղել Զլատան Իբրահիմովիչի հետ: Այդ մասին նշում է իսպանական Marca թերթը: «Սիթիի» խաղացողները, նշելով իրենց հաղթանակը, հանդերձարանում բարձրաձայն երգել են, որի ժամանակ ծաղրի են ենթարկել տանտերերի շվեդացի հարձակվողին. «Իբրա, դու շատ խոսում ես, բայց քիչ շարժվում»: «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները պատասխանել են այդ սադրանքին, ինչը եւ վերածվել է ծեծկռտուքի, որին մասնակցել են մոտ 20 մարդ: Անգլիայի ֆուտբոլի միությունը կարգապահական գործ է բացել այդ միջադեպի կապակցությամբ եւ ակումբներին պահանջել է գրավոր բացատրություններ տալ: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պլաստիկե շշով հարվածել է մրցակցի դարպասապահի գլխին, իսկ ահա թիմի ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն, ում հասակը 191 սանտիմետր է, իսկ քաշը՝ 94 կգ, իբր հարվածել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Միգել Արտետային եւ պատռել հոնքը: