«ԵԹԵ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԼԻՆԻ, ԱՊԱ ԴԱ 0:0 ՀԱՇԻՎՆ Է»
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե նույնիսկ Հայաստանը «Մարականայում» հանդիպի Բրազիլիայի հավաքականին, միեւնույն է, ես հույսս չեմ կորցնի, որ մերոնք հաջող են հանդես գալու»,- այսպիսի լավատեսությամբ է լցված 26-ամյա ֆուտբոլասեր Արմենը` ընդամենը մի քանի ժամից լեհական Կիելցե քաղաքում կայանալիք «Եվրո-2008»-ի ըտրական հերթական հանդիպումից առաջ, որտեղ Ա խմբի առաջատար Լեհաստանը կհյուրընկալի ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմին:
Հայ ֆուտբոլասերների շրջանում անցկացված մեր հարցախույզը ցույց տվեց, որ լավատեսության հիմքեր կան. «Վերջապես մարտական կազմով ենք պայքարելու մրցակցի դեմ: Բերեզովսկու վերադարձն էլ շատ բան է ասում»,- ընդգծեց 31-ամյա Կարենը: Բերեզովսկու վերադարձը հավաքական ֆուտբոլասերերից շատերին է հույս ներշնչել:
Մեր զրուցակիցներից ոմանք հիշեցին, թե ինչպես հայտնի դարպասապահը ժամանակին անվանական գնդակներ էր որսում. «2000թ. Հայաստանը երբ հյուրընկալվեց Նորվեգիային, բոլորը կարծում էին, թե մերոնք խոշոր հաշվով պարտվելու են: Նորվեգիան ոչինչ չկարողացավ անել, քանի որ Ռոման Բերեզովսկին հիանալի խաղ ցուցադրեց եւ հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով»:
Իսկ ահա փորձառու ֆուտբոլասեր Սերգեյ Սականյանը չի հավատում, որ Հայաստանը կարող է գոնե մեկ միավորով վերադառնալ հայրենիք. «Այն, որ Հայաստանը կպարտվի, ես չեմ կասկածում: Սակայն լեհերը առավելագույնը 2 անգամ կկարողանան գրավել մեր դարպասը»: Սերգեյի հետ գրեթե համամիտ է մեկ այլ «ստաժավոր» ֆուտբոլասեր Վարդանը. «Լեհաստանի հաղթելու հնարավորությունը 90% եմ գնահատում: Հայաստանը գոլ հաստատ չի խփի: Եթե դրական արդյունք լինի, ապա դա 0:0 հաշիվն է»:
18-ամյա Լեւոնն էլ գտնում է, որ Հայաստանի կազմում հաջող հանդես կգա Զեբելյան-Մանուչարյան հարձակվողական զույգը. «Նրանք միասին շատ լավ խաղ կցուցադրեն: Լեհերը անընդհատ գրոհելու են եւ մեր հարձակվողների համար ազատ տարածություններ կարծում եմ կլինեն»: