ՀԱՅ ԼՈՂՈՐԴՆԵՐԸ ԵՏ ԵՆ ՄՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրալիական Մելբուռն քաղաքում այս օրերին ընթանում է ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը: Իրենց ելույթներն են սկսել նաեւ հայ լողորդները, որոնցից առաջինը պայքարի մեջ մտել է Միքայել Քոլոյանը: Հայ մարզիկը 200 մ ազատ ոճում ցույց է տվել 1.55.99 արդյունք եւ գրավել 66-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, այստեղ ելույթ է ունեցել 117 լողորդ:
Այսպիսով Քոլոյանը դուրս է մնացել հենց առաջին փուլից, քանի որ պայքարը շարունակել են առաջին 16 հորիզոնականները գրաված մարզիկները:
Քոլոյանը վաղը առավոտյան հանդես կգա նաեւ 100 մ տարածությունում: Այստեղ ելույթ կունենա նաեւ Հարություն Հարությունյանը: Իսկ մարտի 30-ին այս մարզիկները ելույթ կունենան նաեւ 50 մ տարածությունում:
«Բրաս» ոճում հանդես է եկել Արամ Նազարյանը, որը 50 մ տարածությունը անցել է 33.44 ժամանակահատվածում, գրավել ընդամենը 98-րդ հորիզոնականը: 100 մ տարածությունում Արամ Նազարյանը եւս ոչնչով աչքի չի ընկել գրավելով 95-րդ հորիզոնականը: