«ՄԵՐՈՆՔ ՉՊԵՏՔ Է ՊԱՐՏՎԵՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը լեհական Կիելիցե քաղաքում Երեւանի ժամանակով 23:30-ին կկայանա «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Լեհաստան - Հայաստան հանդիպումը: Հայաստանում ճանաչված ֆուտբոլային մասնագետները եւ գործիչները կարծում են, որ մեր ֆուտբոլիստները հաջող հանդես կգան, թեեւ չեն համարվում այս մրցավեճի ֆավորիտը եւ հանդիպում են ընտրական Ա խմբի ֆավորիտներից մեկի հետ:
«Դժվար է լինելու, որովհետեւ Լեհաստանը հույս ունի դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մերոնք ել կպայքարեն, քանի որ պատասխանատվության խնդիր կա: Ինձ թվում է կլինի ոչ-ոքի», - նշեց «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը:
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ, ներկայումս Երեւանի «Արարատը» գլխավորող Վարուժան Սուքիասյանը նույնպես լավատեսորեն է տրամադրված. «Այսօր մեր հավաքականը մարտունակ է: Ուղղակի չգիտեմ, թե Պորտերֆիլդի բացակայությունը որքանով իր ազդեցությունը կունենա: Ամեն դեպքում լավատես եւ կարծում եմ, որ գոնե մեկ միավոր Հայաստանի հավաքականը կվաստակի»:
Ֆուտզալի (մինի ֆուտբոլ) հավաքականի գլխավոր մարզիչն Ռուբեն Նազարեթյանն էլ կարծում է, որ նախորդ շաբաթ օրը կայացած Լեհաստան - Ադրբեջան (5:0) խաղի արդյունքը կարող է ազդել այս մրցավեճի վրա. «5:0 հաշվով հաղթանակից հետո լեհերի ինքնավստահությունը կարող է խանգարել նրանց: Ցանկանում եմ հաջողություն մաղթել գլխավոր մարզչին փոխարինած Վարդան Մինասյանին եւ Արմեն Գյուլբուդաղյանցին, որոնք համար սա կլինի առաջին հանդիպումը»:
Գյումրիի «Շիրակի» տնօրեն, նախկինում Հայաստանի հավաքականը գլխավորած Անդրանիկ Ադամյանը եւս գտնում է, որ լեհերը 5:0 հաշվով հաղթանակից հետո չեն կարող լուրջ պայքարի տրամադրվել. «Ինձ թվում է մերոնք լավ կխաղան: Մրցակիցը չի կարող շատ լուրջ տրամադրվել, քանի որ նախորդ խաղում հեշտությամբ առավելության է հասել: Եթե հոգեբանական ճիշտ աշխատանք տարվի, ապա միավոր կբերեն»: Վաղը կայանալիք խաղի մասին շատ հակիրճ խոսեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» նախագահ Կարեն Հարությունյանը. «Իմ կարծիքով, մերոնք չպետք է պարտվեն»: