Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակին

Պաշտոնական
074A9786

Դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկա է գտնվել Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառմանը: Մարշալի անունը կրող պողոտայում անցկացված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Միջոցառման ընթացքում հնչած ելույթներում անդրադարձ է կատարվել Հովհաննես Բաղրամյան անհատի կերպարին, ականավոր զորահրամանատարի անցած փառահեղ մարտական ուղուն և կերտած հաղթանակներին: Առանձնահատուկ կարևորվել են ԽՍՀՄ կրկնակի հերոսի հրամանատարությամբ մշակված և անթերի իրականացված գործողությունները, որոնք մեծագույն ներդրում են ունեցել ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի կերտման գործում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, շնորհավորելով ներկաներին մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան տարեդարձի առթիվ, ընդգծել է, որ հայազգի զորահրամանատարը հաղթանակի խորհրդանիշ է, որը ներդաշնակել է համաշխարհային և ազգային արժեքները և ստացած փայլուն ռազմական կրթությամբ ու զինվորական հարուստ կենսափորձով հաջողության լավագույն օրինակ է յուրաքանչյուր կուրսանտի և սպայի համար։ Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն անվանակոչվելու է Հովհաննես Բաղրամյանի անունով: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է կուրսանտների երթով: Ավելի ուշ տեղի է ունեցել ԽՍՀՄ կրկնակի հերոսին նվիրված հուշ երեկո, որի ընթացքում ներկայացվել են մարշալ Բաղրամյանի անցած ուղին և կատարած սխրանքները, ցուցադրվել է զորահրամանատարի մասին պատմող տեսաֆիլմ: 074A9715 4N8A0396 074A9690