ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԵՎ ՄԵԿՆԵՑ ԼԵՀԱՍՏԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր վաղ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնեց Լեհաստան, որտեղ մարտի 28-ին կմրցի այս երկրի հավաքականի մետ: Մինչ Լեհաստան մեկնելը հայ ֆուտբոլիստները Երեւանի «Նաիրի» մարզադաշտում ուժերը չափեցին «Բանանցի» հետ: Հավասար պայքարում ընթացած մրցավեճում 2:0 հաշվով առավելության հասավ Հայաստանի հավաքականը: Առաջին կեսում աչքի ընկավ Արման Քարամյանը, իսկ 2-ում հաշիվը կրկնապատկեց Տիգրան Ղարաբաղցյանը:
Չնայած հաղթանակին, ազգային թիմը բավական ցածր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեց: Դա կարելի է բացատրել նաեւ խոտածածկի վատ որակով: Հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Վարդան Մինասյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը այս մրցավեճում փորձարկեցին 20 ֆուտբոլիստների:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ մարզիչները ուսումնամարզական հավաքին մասնակցող 25 ֆուտբոլիստներից միայն 20-ին են ընդգրկել Լեհաստան մեկնողների ցանկում: Վնասվածքի պատճառով Երեւանում են մնացել Աղվան Մկրտչյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, իսկ Տիգրան Ղարաբաղցյանի, Արամ Հակոբյանի եւ Արթուր Մինասյանի չմեկնելու պատճառները հավանաբար նրանց վատ մարզավիճակն է: