Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սպորտ

Հայաստանի շախմատային ֆեդերացիան տարածել է հարցազրույց ‎ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: -

-Պարոն Սարգսյան, լրատվամիջոցներում արդեն հաղորդվել է, որ Երեւանում կազմակերպվում է մրցախաղ երկու ուժեղագույն գրոսմայստերների` Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ: Ինչպե՞ս եք գնահատում այս մենամարտի նշանակությունը: -

Հիրավի, մենք ականատես կլինենք շախմատի մի իսկական տոնի, քանի որ կմրցեն շախմատային երկու ամենաբարձր տիտղոսներին տիրացած գրոսմայստերները` աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը: Հայտնի է, որ ՖԻԴԵ-ն ընդունել է որոշում այն մասին, որ այսուհետեւ աշխարհի գավաթակիրը իրավունք կունենա անմիջականորեն վիճարկելու շախմատային գահը աշխարհի չեմպիոնի հետ: Ցավոք, այդ որոշումը ուժի մեջ է մտնում միայն հաջորդ տարվանից, հակառակ պարագայում արդեն այժմ Կրամնիկ - Արոնյան մենամարտը կունենար աշխարհի առաջնության կարգավիճակ: Բայց առանց այդ էլ մրցախաղը, չեմ կասկածում, կդառնա շախմատային տարվա խոշորագույն իրադարձություններից մեկը: Մարզասերները լավ գիտեն, որ, օրինակ, ֆուտբոլում խաղարկվում է սուպերգավաթ` մրցանակ գործող չեմպիոնի եւ գավաթակրի միջեւ: Ահա երեւանյան մրցախաղն էլ նման մի մենամարտ է, որտեղ աշխարհի չեմպիոնն ու գավաթակիրը կվիճարկեն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մրցանակը: -

-Որպես մրցախաղի անցկացման կազմակերպական կոմիտեի նախագահ, ի՞նչ կասեք նրա մանրամասների մասին: -

-Մրցախաղը բաղկացած կլինի վեց պարտիայից, կընթանա մայիսի 4-6-ը, եւ այդ երեք օրերի ընթացքում Արոնյանն ու Կրամնիկը կանցկացնեն երկուական պարտիա արագ շախմատի կանոններով: Յուրաքանչյուր պարտիայում մրցակիցներին կտրամադրվի 25-ական րոպե` գումարած 10-ական վայրկյան կատարված ամեն քայլի համար: Ինչո՞ւ է ընտրվել արագ շախմատի ձեւաչափը: Նախ, այն անչափ գրավիչ ու դիտարժան է շախմատասերների համար, որոնք խաղի ընթացքում գործնականում առանց դադարի կարող են հետեւել գրոսմայստերների մրցավեճին: -

-Բացի այդ, արագ շախմատը այժմ կիրառվում է ամենաբարձր մակարդակի մրցախաղերում, ներառյալ հավակնորդների մրցումները եւ աշխարհի առաջնությունները` հավասարության դեպքում հաղթողին որոշելու համար: Այս իմաստով երեւանյան մրցախաղը հրաշալի փորձամրցում կլինի, մասնավորապես, Լեւոն Արոնյանի համար, որն արդեն մայիսի վերջին Էլիստայում պետք է սկսի իր պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումներում: Վերջապես, ե’ւ Կրամնիկը, ե’ւ Արոնյանը հզոր շախմատիստներ են ոչ միայն դասական, այլեւ արագ շախմատում, եւ նրանց մրցավեճը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այս առումով: -

-Ակնհայտ է, որ հետաքրքրությունը մրցախաղի նկատմամբ ե’ւ Հայաստանում, ե’ւ ամբողջ աշխարհում հսկայական կլինի: Շախմատասերները ինչպե՞ս կարող են հետեւել պարտիաների ընթացքին: -

-Նախատեսվում է մրցախաղն անցկացնել Երեւանի օպերային թատրոնում, որտեղ մենք արդեն շախմատային խոշոր մրցաշարերի կազմակերպման փորձ ունենք: Հիշեցնեմ, որ օպերայի լեփ-լեցուն դահլիճում էր անցկացվում, օրինակ, աշխարհի 2001 թ. թիմային առաջնությունը: Բեմի երկու կողմերում խոշոր ցուցապաստառների վրա անմիջականորեն կվերարտադրվեն գրոմայստերների կատարած քայլերը: Ցուցատախտակներ կտեղադրվեն նաեւ ճեմասրահներում:

Հավանական է, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը օրվա ընթացքում մի քանի անգամ անմիջական միացումներով կանդրադառնա խաղի ընթացքին` հնարավորություն ստեղծելով ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի մոտ ութ տասնյակ երկրներում գտնվող շախմատասերներին դիտելու շախմատային աստղերի մենամարտի մանրամասները: Պարտիայի ընթացքին աշխարհի հարյուր հազարավոր շախմատասերներ անմիջականորեն կհետեւեն նաեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ինտերնետային կայքի օգնությամբ: Ի դեպ, աշխարհի շախմատային բոլոր հանրահայտ կայքերը արդեն հրապարակումներ են զետեղել Արոնյան – Կրամնիկ մրցախաղի վերաբերյալ:

Մենամարտը լուսաբանելու նպատակով Երեւան ժամանելու իրենց մտադրությունն են սկսել հայտնել արտասահմանյան լրագրողները:

Մրցախաղի անցկացման կազմակերպական կոմիտեն մշտական կապի մեջ է Վլադիմիր Կրամնիկի եւ Լեւոն Արոնյանի հետ` քննարկելով եւ համաձայնեցնելով բոլոր կարեւոր մանրամասները: Մասնավորապես, երկու գրոսմայստերներն էլ իրենց համաձայնությունը հայտնեցին, որ գլխավոր մրցավարի պարտականությունները կատարի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: -

-Օգտվելով առիթից, խնդրում եմ ասեք, թե մեր շախմատասերները այս տարի Հայաստանում ականատես կլինե՞ն այլ խոշոր իրադարձությունների: Եւ, ընդհանրապես, ի՞նչ կարեւորագույն մրցաշարեր են սպասում Հայաստանի շախմատիստներին: -

-Այո, Արոնյան – Կրամնիկ մրցախաղը միակը չի լինի 2007 թվականին մեր երկրում անցկացվելիք միջազգային նշանակության միջոցառումներից: Ամռանը Ջերմուկում եւ Սեւանում կընթանան ավանդական դարձած միջազգային մրցաշարեր, որոնց կազմակերպիչը մեր շախմատային ակադեմիան է: Իսկ հոկտեմբերին Երեւանում, ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի աշխարհի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունը:

Ինչ վերաբերում է ընդհանրապես միջազգային իրադարձություններին, ապա արդեն ապրիլի 2-ին Դրեզդենում կմեկնարկի Եվրոպայի անհատական առաջնությունը, իսկ աշնանը Հունաստանի Հերակլիո քաղաքում կանցկացվի աշխարհամասի թիմային առաջնությունը: Սրանք պատասխանատու մրցաշարեր կլինեն մեր առաջատար շախմատիստների համար: Բայց ամենակարեւորը, թերեւս, աշխարհի առաջնության մրցաշարքն է Լեւոն Արոնյանի մասնակցությամբ: Եւ այդ իմաստով Արոնյան – Կրամնիկ երեւանյան մրցախաղը, իսկապես, լրացուցիչ իմաստ ու նշանակություն է ստանում:

Հարցազրույցը վարեց Գագիկ Հովհաննիսյանը