Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանը խնդրում է գտնել 300 հոգանոց զինված խմբին (տեսանյութ)

Քաղաքականություն
jiro

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը խնդրում է բացահայտել 300 հոգանոց զինված խմբին, որոնք ըստ գլխավոր դատախազի` պետք  է հեղաշրջում անեին դեռեւս  2015թ ապրիլի 24-ին: «300 զինված  խմբեր, անձինք, որոնք այս պահին շրջում են ՀՀ-ում եւ իրենք չեն բացահայտվել, ովքե՞ր են: Հարգելի դատարան, ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ 300 հոգի զինված, ցանկացած ժամանակ կարող են հեղաշրջում, հեղափոխություն անել, իսկ դատախազությունը հանգիստ նստած է դատարանում: Գլխավոր դատախազը հանգիստ շարունակում է պաշտոնավարել, իրավական մարմինների եւ քննչական մարմինների պետերը հանգիստ պաշտոնավարում են, այն պարագայում, երբ Սեֆիլյանին մեղադրում են 300 հոգանոց խմբերի, ենթախմբերի հրամանատար լինելու հանգամանքով: Խնդրում եմ բացահայտեք այդ  անձանց, եթե չենք կարողանում բացահայտել, հրաժարական տվեք»,- այսօր դատարանում հայտարարեց Տիգրան Հայրապետյանը: Նա համոզված է՝   զանգվածային անկարգությունների մեղադրանքը դա քողարկված քաղաքական հոդված է. «Ես հայտարարում եմ՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ Հիմնադիր խորհրդարանի այն  անդամները, ում այս մեղադրանքը առաջադրված է,  քաղբանտարկյալներ են»,- ավելացրեց Տիգրան Հայրապետյանը:  Վկաներին լսելուց հետո վերացվեց     տեսանկարահանման արգելքը։  Բայց մինչ այդ արդեն  հրապարակվել  էր  «Հիմնադիր խորհրդարան»-ում աշխատող համակարգչային մասնագետի ցուցմունքը: Պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝  մեղադրական եզրակացության մեջ նշվածը չի համապատասխանում իրականությանը:  «Մեղադրական եզրակացության մեջ բառացի նշված է, որ վերջինիս հանձնարարությամբ  Սեֆիլյանի եւ  մյուսների կոչերը մուտքագրել  է համակարգիչ եւ տարածել, վկան այդպիսի ցուցմունք չի տվել: Նման բան չկա գրված, հետեւաբար մեղադրական եզրակացության մեջ խեղաթյուրել են իրականությունը, գոյություն չունեցող հանգամանք են նշել»:     Այսօր դահլիճ բերվեց նաեւ  զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանը, թեեւ սանկցիայի ժամկետը դեռ չէր լրացել:   Տաթեւիկ Գրիգորյանը,  սակայն,  Գեւորգ Սաֆարյանին թույլ չտվեց  նստած տեղից հայտարարություն անել՝ սպառնալով, որ կհեռացնի դահլիճից:    Այսօր պաշտպաններից Արայիկ Պապիկյանը  միջնորդեց դեպքի հետ կապված  դատարան հրավիրել եւ հարցաքննել մի խումբ անձանց՝ այդ թվում Սասնա ծռեր խմբի անդամ Արմեն Լամբարյանին:  Դատավորն այդ միջնորդության քննարկումը հետաձգեց, փոխարենը սկսեցին հետազոտել գործում առկա ապացույցները: