Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կ. Կարապետյանն ընդունել է Ղրղըզստանի վարչապետին (տեսանյութ)

Պաշտոնական
Khrkhzstan3

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովին: Կարեն Կարապետյանը շնորհավորել  է գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և  հետագա հաջողություններ մաղթել։ Նա վստահություն  է հայտնել, որ  երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացման համար: Վարչապետը նկատել է, որ թեև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն առկա է դրական դինամիկա և այն  զարգացնելու ներուժ:  «Այդ դրական դինամիկան պետք է խթանել, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի գործունեության միջոցով: Անկասկած, թե՛ Հայաստանում, թե՛ Ղրղըզստանում կան հեռանկարային նախագծեր, որոնք հնարավոր է իրականացնել համատեղ և որոնք երկուստեք  փոխշահավետ կարող են լինել», -ասել է վարչապետը: Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովն իր հերթին փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նկատելով, որ երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին։  «Մեր կողմից մենք լիովին պատրաստ ենք աջակցել երկկողմ տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը»,-ավելացրել է Ղրղըզստանի վարչապետը։ Երկուստեք նշվել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում փոխգործակցությունը, այդ շրջանակում համաձայնեցված մեխանիզմների  կիրառումը թույլ կտա ավելի հարստացնել հայ-ղրղըզական հարաբերությունները։ Զրուցակիցները կարևորել են նաև  տնտեսական զարգացմանը միտված գործընթացներում ձեռք բերված փորձի փոխանակման անհրաժեշտությունը։