Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՂԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ

Սպորտ

Մարտի 25-ից ապրիլի 2-ը Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կայանալու է լողի աշխարհի 2007թ. առաջնությունը: Հայաստանից մրցաշարին մասնակցելու են 3 լողորդներ: Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը հույս ունի, որ մեր մարզիկներին կհաջողվի 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Այս կապակցությամբ «Ա1+»-ի հարցերին պատասխանում է Իգոր Սաֆարյանը:

- Նախ կուզենայի նշել, որ վերջին տարիներին լողի բոլոր մարզադպրոցները փակվեցին, այժմ հանրապետությունում չունենք ոչ մի մանկապատանեկան լողի դպրոց: Լողը այժմ զարգանում է միայն լողավազաններում, որոնք բոլորը վճարովի են: Անցած տարի 2 լավ լողավազան բացվեցին. առաջինը դա «Նեպտունն» է, երկրոդը` «Դի դի դին»: Շատ լավ լողավազաններ են եւ սկզբնական լողուսուցման լավ աշխատանք են կատարում: Այժմ Հայաստանում լողով զբաղվում են մոտ 3500 երեխաներ: Ունենք մոտ 15-20 ուսումնամարզական խմբեր: Բացի վերը նշված երկու լողավազաններից, Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի դպրոցում եւ Պոլիտեխնիկ ինստիտուտում են գործում խմբեր: Ունենք լողի հավաքական թիմ, որտեղ ընդգրկված են 20 երեխա, որոնցից 6–ը սպորտի վարտեպներ են: Ամենալավ լողորդները հավաքված են այնտեղ: Ունենք հատուկ մշակված ծրագրեր հավաքականի համար, որոնք ստանում ենք աշխարհի լավագույն հավաքականներից: Նրանք մարզվում են մեր կողմից մշակված հատուկ ծրագրով եւ պատրաստվում եմ առաջիկայում կայանալիք մրցաշարերին: Ընտրում ենք համապատասխան ծրագիր, որը համապատասխանի մեզ:

- Այդ մրցաշարերից ամենակարեւորը թերեւս շուտով մեկնարկելիք աշխարհի առաջնությո՞ւնն է:

- Մոտ 15 օր հետո Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մեկնարկում է լողի աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակցելու են մեր ուժեղագույն 3 լողորդները: Արդյունքները բարձր լինել չեն կարող, համենայնդեպս նրանք օժտված մարզիկներ են, մարզվում են օրը 2 անգամ: Մեկ անգամ Դավիթ Համբարձումյանի մարզադպրոցում, մյուսը` «Նեպտուն» լողավազանում: Վերջին 2-3 տարիների ընթացքում այս լողորդները սահմանում են հանրապետության ռեկորդներ եւ սպասում ենք, որ կկարողանան օլիմպիական վարկանիշ հավաքել: Հատկապես ռեալ հնարավորություններ ունի Քոլոյան Միքայելը, որը շատ մոտ է այդ արդյունքին: Նման արդյունք նա արդեն ցույց է տվել 25 մետրանոց լողավազանում, սակայն այդ արդյունքը պետք է ցույց տա նաեւ 50 մետրանոց լողավազանում: Ցավոք Հայաստանում չունենք 50 մետրանոց լողավազաններ: Ունենք մեկ հատ, որը գտնվում է Ծաղկաձորում եւ տարվա մեջ մեկ-երկու անգամ ենք կարողանում գնալ: Օրերս ենք եկել այնտեղից, որտեղ մեր լողորդները 20 օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեցին: Հարկավոր է նշել, որ մարզական լողում այսօր աշխատում են մոտ 70 մարզիչ: Ունենք շատ լավ մարզիչներ, բայց պայմանները բավարար չեն: Ցավոք չունենք ժամանակակից մարզական սարքեր, տրինաժորներ: Մենք մարզվում ենք բավական հին սարքերի վրա:

- Առաջնությանը մասնակցող 3 լողորդներից մեկի` Քոլոյանի մասին խոսեցիք: Իսկ ովքե՞ր են մյուս 2-ը:

- Երկրորդը ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Նազարյան Արամն է, որը սպորտի վարպետ է: Երրորդը տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Հարությունյան Հարությունն է:

- Իսկ պետությունը որքա՞ն գումար է հատկացնում մարզաձեւին, եւ արդյո՞ք այդ միջոցները բավականացնում են:

- Վերջին 2 տարիներին սպորտկոմիտեն լողին հատկացնում է 8 մլն դրամ: Դա նվազագույնն է ամենակարեւոր մրցումներին մասնակցելու եւ հանրապետության մրցաշարեր կազմակերպելու, ինչպես նաեւ հավաքներին մասնակցելու համար:

- Դուք նշեցիք, որ գործում են մի քանի ակումբներ, որոնք փաստորեն մասնավոր են եւ լողը նրանց համար բիզնես է: Իսկ նրանք շահագրգրված չե՞ն որոշ ներդրումներ կատարել լողի համար:

- Նրանք ոչ մի ներդրում առայժմ չեն կատարել, սակայն «Նեպտուն» լողավազանը երեկոյան մեզ անվճար ջուր է տալիս, որ մեր հավաքական թիմը երեկոյան մարզվի: Իսկ ուրիշ ֆինանսական օգնություն մեզ ոչ ոք ցույց չի տալիս:

- Իսկ ակումբները կարո՞ղ են գոնե մարզիկներ պատրաստել հավաքականի համար:

- Կադրեր պատրաստում է միայն ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նրանք նման նպատակ չունեն: Բոլոր այդ լողավազաններում աշխատում են մասնագետներ, որոնք ավարտել են ֆիզկուլտ ինստիտուտը: Այնտեղ հաճախող երեխաների մեծ մասը սկզբնական խմբում են ընդգրկված: Լավագույններին մենք այնտեղից վերցնում ենք եւ նրանք սկսում են մարզվել ուսումնամարզական խմբերում: Նրանք արդեն ոչ մի գումար չեն վճարում: Նշեմ նաեւ, որ անցած տարի լողավազաններ են բացվել նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:

- Լողի միջազգային ֆեդերացիան օգոնու՞մ է Հայաստանին:

- Այո նրանք մեծ աջակցություն են ցուցաբերում մեզ: ՖԻՆԱ-ն առաջիկայում Ավստրալիայում կայանալիք աշխարհի առաջնության բոլոր ծախսերը վերցրել է իր վրա: Միայն 1500 ԱՄՆ դոլար արժե ինքնաթիռի գնալ-գալու տոմսը: Մեծ ֆինանսներ են պահանջվում նաեւ այնտեղ մնալու համար: Այս բոլոր ծախսերը կատարելու է ՖԻՆԱ-ն:

- Պարոն Սաֆարյան, լողը Հայաստանում բավական սիրված մարզաձեւ է: Ինչո՞վ է բացատվում այն, որ այսօր մարզաձեւով զբաղվողների թիվը մեծ չէ:

- Պատճառը պայմաններն են` լողավազանների քանակը: Երեւանում ունենք ընդամենը 4 լողավազան, որտեղ աշխատանքը լավ կազմակերպված է երեխաների: Միլիոնանոց քաղաքի համար դա շատ քիչ է: Օրիանակի համար նշեմ, որ Ֆինլանդիայում բնակչության 25%-ը զբաղվում է լող մարզաձեւով: Լողը մտած է սոցիալական ծրագրերի մեջ: Հանրակրթական դպրոցներում այն պարտադիր առարկա է: Բացի այդ լողորդները պետք է օժտված լինեն ատլետիկ տվյալներով: Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլի 8 մասնակիցների հասակը 196 սմ է: Այսինքն` բացառիկ տվյալներ են անհրաժեշտ բարձր արդյունքների համար: Իսկ նման մարզիկները մեզ մոտ շատ քիչ են: Բոլոր զարգացած պետություններում լողը պարտադիր առարկա է դպրոցներում եւ նրանք 2-3 տարի ֆիզկուլտուրայի փոխարեն լողով են զբաղվում: Նման դեպքում ավելի հեշտ է լինում կադրեր ընտրելը:

- Հայաստանում նման բան մոտ ապագայում հնարավոր է՞:

- Հանրակրթական դպրոցների նոր ծրագրի մեջ, որը հաստատված է կրթության նախարարության կողմից, լողը նույնպես ընդգրկված է, սակայն պայմաններ չկան: Ուստի լողը փոխարինում են մեկ այլ մարզաձեւով:

- Իսկ պարտադիր է, որ լողավազանը կառուցվի հենց դպրոցու՞մ: Հնարավո՞ր չէ, երեխաները հաճախեն, օրինակ` դպրոցի մերձակայքում գտնվող պիոներպալատներ կամ այլ վայրեր:

- Մենք ունենք պիոներպալատներում լողավազաններ, որոնք չեն գործում: Նրանցից մեկն է գործում, որտեղ կա փոքրիկ լողավազան: Սկզբնական ուսման համար կարելի է օգտագործել: Լողովազանների քանակը շատ քիչ է: Հանրատետությունում պետք է բացվեն մանկապատանեկան լողի դպրոցներ եւ որքան հնարավոր է շատ երեխաների մարզել: Այնուհետեւ լավագույններից հնարավոր կլինի պատրաստել բարձրակարգ մարզիկներ: Լողը այն մարզաձեւն է, որտեղ օլիմպիական խաղերին մեծ թվով մեդալներ են խաղարկվում: Անցած օլիմպիական խաղերին ամերիկացի Ֆոլքսը վաստակեց 6 ոսկի, 2 արծաթե մեդալ: Եթե նա հանդես գա որպես առանձին պետություն, նա կլիներ 8-րդը աշխարհում: Նա ավելի շատ մեդալ վաստակեց, քան Ֆրանսիայի ողջ մարզական պատվիրակությունը:

Զրուցեց Արթուր Նազարյանը