Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրավիճակը շատ է տարբերվում 2013-ից. կողմերը լուրջ հակասություններ չունեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
navasardyan-nkar

Քիչ է հավանականությունը, որ Հայաստանը կհրաժարվի ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ ԵՄ-Հայաստան նոր փաստաթուղթը նախատեսված է ստորագրել այս տարվա նոյեմբերին՝ Բրյուսելում։ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Բորիս Նավասարդյանի կարծիքն է. «Իրավիճակը շատ է տարբերվում 2013 թվականից։ Բանակցությունները ավարտվեցին շատ ավելի շուտ ժամկետում, ինչը խոսում է նրա մասին, որ կողմերը լուրջ հակասություններ չունեն»։ Հայաստանում լավ հասկանում են ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարդությունը, ու որ այն կարող է ցանկացած պահի բացասականորեն ազդել ԵՄ-Հայաստան օրակարգի վրա։  Դա է պատճառը, որ Հայաստանի հետ ստորագրվելիք փաստաթղթից խոսելիս ԵՄ պաշտոնյաները չափավոր լավատես են, չնայած որ սեղանին դրված է նախորդից թույլ փաստատթուղթ, և այն կարող է բավարարել Ռուսաստանին։  «Այն դրույթը, որը ենթադրում է, որ ԵՏՄ շրջանակներում Հայաստանի պարտավորությունները առաջնայնություն ունեն ԵՄ-Հայաստան այս նոր համաձայնագրի նկատմամբ, դա այն էր, ինչ բովանդակային առումով հետաքրքրում էր Ռուսաստանին։ Մնացածը քաղաքականություն է»,- մեկնաբանում է Բորիս Նավասարդյանը։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը երեկ Երևանում հայտարարեց՝ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը ցույց կտա, որ Հայաստանի համար հնարավոր է լինել ԵՏՄ մաս, միաժամանակ՝ խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ Հայաստանի իշխանության հայտարարած «և-և»-ի քաղաքականությունը աշխատում է։ Բորիս Նավասարդյանն ասում է.  «Եվ-և»-ը կլիներ, եթե Հայաստանն ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը։ Այդ դեպքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները մոտավորապես կհավասարեցվեին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Այսօր հարաբերությունները հավասար չեն։ Հայաստանի հարաբերությունները ԵՏՄ անդամ երկրների նկատմամբ շատ ավելի խորն են, քան ԵՄ-ի հետ»։ Թե Հայաստանն ինչ օգուտներ կքաղի ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրից, մանրամասները կհրապարակվեն պոստֆակտում։ Ու թեև նոր փաստաթուղթը զիջում է Ասոցացման համաձայնագրին, ենթադրվում է, որ ստորագրումով նոր թափ կտրվի Հայաստանում բարեփոխումներին։ «Օրակարգը շատ հստակ է լինելու՝ ինչ պետք է անել, ինչպիսի արագությամբ և նաև այդ ամեն ինչն ստանալու է ֆինանսական աջակցություն։ Կարող եմ ենթադրել, որ առնվազն կկրկնապատկվի ֆինանսական օգնությունը Հայաստանին»,- ասում է Բորիս Նավասարդյանը։ Հայաստանի առաջին Օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի ակնկալիքները Համաձայնագրից վերաբերում են դատաիրավական համակարգին։ Իր առջև անցյալի փորձն ունի, երբ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ այս ոլորտում ծրագրեր են իրականացվել, բայց գործնականում շատ բան չի փոխվել. «ԵԱՀԿ-ն ունեցել է ոստիկանության հետ ճոխ ծրագրեր, դրա արդյունքում մենք տեսել ենք, թե ինչքան գեղեցիկ են շարքերը վերադասավորում և խփում լրագրողներին»,- նշում է Ալավերդյանը։ Նրա պնդմամբ՝ Համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքացիական հասարակությունը պետք է իրավունք ստանա առանձին մոնիթորինգ անցկացնել և գնահատել ոստիկանությունում, դատարաններում և այլ մարմիններում բարեփոխումների ընթացքը։ Այդպիսով փոփոխություններն ավելի տեսանելի կլինեն քաղաքացիներին։