ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ ԱՆՊԱՐՏԱՃԱՆԱՉ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտին 21-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2007թ. խաղարկությունը, իսկ ապրիլին` Հայաստանի բարձրագույն առաջնությունը: Թե ովքեր են մասնակցելու այս մրցաշարերին փորձեցինք պարզել ՀՖՖ ոչ սիրողական ակումբների միջեւ անցկացվող մրցումների կազմակերպման բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանից: -
-Արդեն հայտնի՞ է, թե ովքեր մասնակցելու մեկնարկելիք մրցաշարերին եւ արդյո՞ք բոլոր թիմերն են վճարել բարձրագույն եւ առաջին խմբերի մուտքավճարները: -
-Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու են 8 թիմ («Փյունիկ», «Բանանց», «Արարատ», «Միկա», «Գանձասար», «Ուլիս», «Կիլիկիա», «Շիրակ» - խմբ.): Մուտքավճարների մասին տեղեկություն կարող է տալ հաշվապահությունը: Այսօրվանից սկսել ենք հայտավորման գործընթացը, որը կտեւի 10-12 օր: Ինչ վերաբերվում է գավաթին, ապա այս տարի մասնակցելու է 15-16 թիմ: Այսօր պետք է հանդիպեմ նախագահին (ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խմբ.) եւ վերջնականապես պարզենք: Թիմերից մեկը սկզբում հրաժարվել էր մասնակցելուց, իսկ այժմ կրկին ցանկություն է հայտնել մասնակցել գավաթի խաղարկությանը: Ժամկետը արդեն անցել է եւ, եթե նախագահը ընդառաջի, ապա 16-րդ թիմին էլ կընդգրկենք: -
-Իսկ կոնկրետ ե՞րբ են նախատեսված գավաթի խաղարկության եւ առաջնության մեկնարկները: -
-Գավաթը կսկսենք մարտի 21-22-ին: Ծայրահեղ դեպքում հանդիպում կանցկացնենք նաեւ մարտի 23-ին, քանի որ կարող է մարզադաշտերի խնդիր լինել: Եթե 23-ին հանդիպում տեղի ունենա, ապա այդ օրը կհանդիպեն այն թիմերը, որոնց կազմում հավաքականի թեկնածուներ հանդես չեն գալիս, քանի որ ազգային թիմը մարտի 28-ին պատրաստվում է մրցել Լեհաստանի հետ եւ ցանկանում ենք, որ մարտի 21-ին եւ 22-ին 1/8-րդ եզրափակիչի հանդիպումներից հետո թեկնածուները մեկնեն հավաքի: Իսկ առաջնությունը կսկսվի ապրիլին, մոտավորապես 14-ին: -
-«Լեռնային Արցախ» ակումբը այդպես էլ չհաստատե՞ց իր մասնակցությունը առաջնությունում: -
-«Լեռնային Արցախը» գնաց ու գնաց: Անցել են բոլոր ժամկետները, որոնց ընթացքում ակումբը պետք է հաստատեր իր մասնակցությունը: Ինչքան գիտեմ «Լեռնային Արցախն» էլ էր փնտրում հովանավոր, որը գումար կհատկացնի եւ կմասնակցեն առաջնության: Երեւի այդպես էլ չգտան: Նույնիսկ նրանց նախկին հովանավորը հրաժարվել է ֆինանսավորել: Եթե հիշում եք, նախ անցած տարի այս թիմի հովանավորները դրել էին պայման, որ «Լեռնային Արցախը» պետք է խաղա Ստեփանակերտում: Դա ՖԻՖԱ-ի կողմից ընդունելի չէ: Դրա համար դուրս եկան եւ ասեցին, թե մենք Ղարաբաղի առաջնությունը կկազմակերպենք, սակայն դա ընդամենը հայտարարություններ էին: Ոչինչ չեղավ եւ միայն վնասվեց ֆուտբոլը: -
-Փաստորեն, ինրպես եւ նախորդ առաջնությունում, այնպես էլ այս անգամ առաջնությանը մասնկացելու են 8 թիմեր, որոնք պայքարելու են 4 շրջանով: -
-Այո 4 շրջանով, որը հաստատել է նաեւ գործադիր կոմիտեն, բացի այդ մենք մասնակից ակումբներին առաջարկեցինք ներկայացնել իրենց առաջարկտարեբարակները: Բոլոր թիմերը` բացառությամբ «Կիլիկիայի», եթե չեմ սխալվում, ցանկացել են մրցել 4 շրջանով: Անկախ դրանից պարզ է, որ սա լավ տարբերակ է, քանի որ 4 շրջանի դեպքում թիմերը անցկացնելու են 28 խաղ, որը շատ չէ: Իսկ 3 շրջանի դեպքում կլինի 21 հանդիպում, 2-դի դեպքում` 14 խաղ, որը շատ քիչ է եւ ընդունելի չէ: -
-Իսկ քանի՞ թիմ է մասնակցելու առաջին խմբի առաջնությանը: -
-Առաջին խմբում հանդես են գալու 10 թիմ («Բենտոնիտ», «Երեւան Յունայթեդ», «Պատանի», «Դինամո», «Փյունիկ-2», «Բանանց-2», «Միկա-2», «Արարատ-2», «Շիրակ-2» - խմբ.): Դրանցից 6-ը բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերն են: Միայն «Ուլիսը» եւ «Կիլիկիան» չունեն դուստր թիմեր, որոնք հանդես են գալու առաջին խմբում: -
-Կարելի՞ է ասել, որ ակումբների անպատասխանատվության պատճառով ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկը Հայաստանում արհեստականորեն ձգձգվում է: -
-Այո: Հիմնական խնդիրն այն է, որ մասնակից ակումբները կամ անպարտաճանաչ են, կամ դե ասում են կասենք էլի, եւ մինչեւ վերջին րոպեն ձգձգում են: Օրինակ` «Ուլիսը» ընդամենը 10-15 օր առաջ հաստատեց, որ մասնակցելու է: Դա կախված է նաեւ ֆինանսական հնարավորություններից, քանի որ շատերը հովանավոր են փնտրում: -
-Իսկ որպես մրցումների անցկացման բաժնի պետ, ի՞նչ սպասելիքներ ունեք այս մրցաշրջանից: -
-Սպասելիք ունեի սկզբից, որ թիմերի քանակը կավելանա, կկարողանանք ավելի լարված առաջնություն անցկացնել: Բայց ցավոք նոր արդյունք չկա: Այն ինչ որ անցած տարի ունեինք գրեթե դա ենք պահպանում, չնայած առաջին խմբում էլ պակասեց թիմերի քանակը: Կցանկանամ, որ առաջնությունը բարձր մակարդակով անցնի, ոչ միայն կազմակերպչական առումով, թեեւ դա էլ շատ կարեւոր է: Իսկ որակի առումով հրաշք չի լինի երբեք: Մակարդակի առաջընթաց չի սպասվում: Այդ պրոցեսը կտրուկ փոփոխությունների ենթակա չԷ: -
-Առհասարակ, դա շատ դանդաղ զարգացող պրոցես է եւ հույս ունենանք, որ շարժումը կլինի դեպի առաջընթաց: Իհարկե, հիմնական խնդիրը ներդրված գումարներն են: Գումարային տեսանկյունից ես թվերը չեմ իմանում, բայց համոզված եմ, որ ամենամեծ գումարը ներդնում է «Փյունիկը», 2-րդ տեղում «Բանանցն» է, 3-րդ տեղում «Միկան», 4-րդը «Արարատ», հետո «Կիլիկիան»: Փաստորեն, այս թիմերի զբաղեցրած դիրքերը լիովին համապատասխանում են ներդրված գումարներին:
Զրուցեց Արթուր Նազարյանը