ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉԸ ՀԻՎԱՆԴ Է ՔԱՂՑԿԵՂՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին այսօր հայտարարել է շոտլանդացի մարզիչը, որը 2006թ. օգոստոսից գլխավորում էր մեր հավաքականը. «Վերջին շաբաթների ընթացքում ես վատառողջ էի եւ ստիպված եղա այցելել տեղական հիվանդանոցներից մեկը, որտեղ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում մասնագետները հայտնաբերեցին հաստ աղիքի քաղցկեղ:
Բժիշկները լավատեսորեն են տրամադրված, սակայն, հարկավոր է, որպեսզի ես որքան հնարավոր է արագ վիրահատվեմ: Մի քանի շաբաթվա ընթացքում ես ստիպված կլինեմ չաշխատել, սակայն լի եմ վճռականությամբ վերականգնվել եւ հնարավորինս արագ վերադառնալ աշխատանքի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս ամենն անսպասելի հարված էր ինձ, իմ կնոջ, ողջ ընտանիքիս, ինչպես նաեւ ՀՖՖ-ի համար: Մենք անգնահատելի աջակցություն ստացանք բոլորից, որի համար շատ շնորհակալ եմ»:
Ամեն դեպքում մարզիչը հրապարակել է 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն մարտի 28-ին կայանալիք Եվրո-2008-ի ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին: