«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՄՐՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՈւԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԵՏ»
Աջակցիր «Ա1+»-ինՀարցազրույց ֆուտզալի (մինի ֆուտբոլ) Հայաստանի հավաքականի եւ «Ադանա» ակումբի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ:
- Պարոն Նազարեթյան, հունվարին հավաքականը հանդես եկավ ընտրական մրցաշարում տոնելով մեկ հաղթանակ, կրելով 2 պարտություն:
- Արդյունքը նորմալ եմ համարում, քանի որ այսօր Հայաստանում չունենք նորմալ առաջնություն եւ խաղացողների ընտրությունը շատ քիչ է: Ճիշտ է, նպատակ էինք դրել դուրս գալ խմբից, սակայն չստացվեց: Բայց ամեն ինչ առջեւում է, քանի որ այս տարվա հավաքականը բավական երիտասարդական էր, որոնք իրենց լավ դրսեւորեցին: Նրանք գոլերի հեղինակ դարձան եւ եվրոպական երկրների կողմից ուշադրության արժանացան:
- Հոկտեմբերին կայանալու են հերթական ընտրական փուլի հանդիպումները: Մինչ այդ նախապատրաստական ի՞նչ ծրագրեր ունեք:
- Ֆեդերացիային ներկայացրել եմ աշխատանքային պլանը, որի համաձայն մինչեւ հոկտեմբեր պետք է անցկացնենք 2-3 ընկերական խաղ : Մայսին նախատեսում ենք ընկերական հանդիպում որեւէ ուժեղ հավաքականի` Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսպանիայի հետ: Առայժմ պայմանավորվածություն չկա, բայց հույսով եմ ֆեդերացիայի ղեկավարությունը կընդառաջի եւ հանդիպումը կկայանա: -
-Անցնենք ակումբային ֆուտզալին: Շուտով վերսկսվում է Հայաստանի ֆուտզալի առաջնությունը: Ի՞նչ սպասելիքներ ունեք երկրորդ շրջանից: -
-Այն պետք է սկսվեր փետրվարի 18-ին, սակայն քանի որ դահլիճները չեն ջեռուցվում, ֆեդերացիան որոշեց հետաձգել մինչեւ մարտի 4-ը եւ այդ օրը կկայանա առաջին տուրը: Նշեմ, որ մեր առաջնության մակարդակը շատ ցածր է: Միայն «Պոլիտեխնիկի» եւ «Ադանայի» մեջ է պայքար գնում, իսկ մնացածը ուղղակի մասնակցում են: Թեեւ «Պոլիտեխնիկը» 6 միավոր առաջ է անցել, բայց ինձ թվում է պայքարը դեռ առջեւում է: -
-«Ադանայի» մասնակցության շուրջ տարբեր տեղեկություններ էին տարածվել: Նշվում էր, որ թիմը ֆինանսական խնդիրների պատճառով կարող է դուրս մնալ առաջնությունից: Ի՞նչ լուծում է ստացել այս խնդիրը: -
-Անձամբ ես ֆեդերացիայի ղեկավարներին խնդրել եմ, որ մինչեւ մուտքավճարի մուծելը թողնեն թիմը հանդես գա, քանի որ հավաքականի ֆուտբոլիստներն են հանդես գալիս, ՀՀԿ-ում (ակումբը պատկանում է այս կուսակցությունը- խմբ.) խոստացել են, որ մյուս շաբաթ ֆինանսական խնդիրները կլուծեն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի եւ «Ադանան» կմասնակցի առաջնությանը: -
-2 տարի առաջ Հայաստանում ֆուտզալի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար, սակայն այն աստիճանաբար մարեց: Որպես հավաքականի եւ «Ադանայի» մարզիչ, Դուք ինչո՞վ եք պայմանավորում այդ անկումը: -
-Այդ հետաքրքրությունը 2 տարի առաջ կապված էր «Թալ Գրիգի» հաջող ելույթներով առաջնությունում եւ եվրոպական մրցաշարերում: Հետաքրքրությունը մարեց դահլիճ չլինելու պատճառով: Երբ մենք վերադարձանք Եվրոպայից, «Դինամոն» մեզ դահլիճ չտվեց, իսկ մինչ այդ անկախ մեր կամքից 1000-1500 մարդ էր գալիս դահլիճ, իսկ այսօր «Կիլիկիա» մարզադահլիճ չեն հաճախում, որովհետեւ տարրական պայմաններ չկա: Այդ ժամանակ ես գլխավորում էի «Թալ Գրիգը» եւ այն մեծ անուն էր հանել: Ինչպես գիտեք «Բենֆիկայի» հետ հանդիպումից հետո (այս թիմը Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկն է- խմբ.) ողջ Եվրոպական խոսում էր «Թալ Գրիգի» մասին: Լոնդոնւմ առաջին փուլում հաղթեցինք, իսկ հաջորդ փուլում պարտվեցին «Բենֆիկային», այն էլ 30 վարկյան էր մնում հանդիպման ավարտին, երբ գնդակ ընդունեցինք: -
Դրանից հետո, երբ եկան Հայաստան, մեր ներքին գործերի նախարարությունը փոխանակ ավելի ուշադրություն դարձներ` կտրականապես արգելեց «Դինամո» մարզահամալիրում հանդիպումներ անցկացնելը: «Թալ Գրիգի» ղեկավարությունն էլ տեսնելով, որ նույնիսկ դահլիճի հարց չի լուծվում, որոշեց, որ անիմաստ է նման գումարներ ծախսելը: Սա էր պատճառը, որ ամեն ինչ գրեթե փլուզվեց, իսկ «Թալ Գրիգի» տղաները տեղափոխվեցին «Ադանա» եւ այսօր հանդես են գալիս այնտեղ: Ինձ թվում է հաջորդ տարվանից մեր առաջատար ֆուտբոլային ակումբները` «Փյունիկը», «Բանանցը», «Միկան» կունենան նաեւ իրենց ֆուտզալի թիմերը, քանի որ դա ՈւԵՖԱ-ի պահանջն է, որը չկատարելու դեպքում լիցենզիա չեն ստանա եւ իրավունք չեն ունենա մասնկացել եվրագավաթներին: -
Նման պարագայում լուրջ առաջնություն կլինի եւ հավաքականը արդեն կկարողանա լավ արդյունք ցույց տալ:Մի շարք երկրներում, այդ թվում Թուրքիայում, որի հետ մեր հավաքականը մրցեց հունվարին, ֆուտզալով են զբաղվում նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղացած ֆուտբոլիստները: Հայաստանում այս մեթոդը նախկինում նույնպես կիրառվում էր, սակայն այժմ կարծեք թե շարունակություն չի գտնում:Հիմա արդեն մենք տարիքով այդ տղաների ծառայություններից չենք օգտվում եւ շեշտը դրել ենք երիտասարդների վրա: Կան ֆուտբոլիստներ, որոնք հենց ֆուտզալից են եկել, օրինակ` Ադամյան Սարոն, Զարգարյան Խորենը: Այսօր նրան հավաքականի անդամ են:
Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այնտեղ 12 հոգի հանդես էր գալիս Բելգիայից, որոնք իբր Թուրքիայի քաղաքացի էին, իսկ եւս մեկը Շվեդիայից էր: Շատ նորմալ թիմ էր, որին կարելի էր եւ հաղթել, սակայն մարզական բախտը մեր կողմը չէր: Սակայն դրանից ողբերգություն պետք չէ սարքել: Հավաքականը վերջին անգամ հանդիպում անցկացրել էր 2003թ. նոյեմբերին, իսկ դրանից հետո ոչ մի հանդիպում չէր եղել: Ճիշտ է ակումբային միջազգային հանդիպումներ եղել էին, բայց դրանք տարբեր բաներ են: Ինձ թվում է, եթե այս տարի վերը նշված ընկերական խաղերի հարցը լուծվի. մյուս ընտրական փուլում ավելի հաջող հանդես կգանք: -
-Ֆուտբոլի հավաքականում մեծ թիվ են կազմում լեգեոներները, որոնց կազմում են հավաքականի կորիզը: Ֆուտզալում եւս ունենք լեգեոներներ Կիպրոսում: Հնարավո՞ր է ի հայտ գան նաեւ այլ հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են օգնել ֆուտզալի Հայաստանի ընտրանուն: -
Կիպրոսի ֆուտբոլիստներին անձամբ ես եմ ուղարկել: Նրանք «Թալ Գրիգում» հանդես են եկել իմ գլխավորությամբ: Խոսքը Արտակ Պողոսյանի եւ Արմեն Դանիելյանի մասին է: Պողոսյան Արտակը հավաքականի վերջին հանդիպումներին մասնակցեց, իսկ Արմեն Դանիելյանը վիզայի հետ կապված խնդիր ուներ եւ չժամանեց: Դա մեծ կորուստ էր մեզ համար, քանի որ Դանիելյանը շատ լավ խաղացող է եւ լավագույնն է ճանաչվել մեր նախորդ առաջնությունում: Եթե Դուք էլ օգնեք գտնելու հայազգի այլ ֆուտբոլիստների շատ լավ կլինի: Ես արդեն գտել եմ մի ֆուտբոլիստի, որը հանդես է գալիս Վրաստանի չեմպիոնի կազմում: 21 ամյա դարպասապահ է, որի հետ ես հույսեր եմ կապում: Ինձ թվում է կլինեն այլ ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան օգնել մեզ:
Արթուր Նազարյան
Հ.Գ. Ընդառաջելով Ռուբեն Նազարեթյանի խնդրանքին, «Ա1+»-ը իր հերթին կոչ է անում հատկապես իր արտասահմանի ընթերցողներին, հայազգի ֆուտբոլիստիների մասին տեղեկություն ունենալու դեպքում նամակ ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին` [email protected]: